Ռուսաստանը կողմ չէ այն դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունն ունի ռազմական ճանապարհով լուծում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը АМНА հունա-մակեդոնական լրատվական գործակալությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԼՂ հակամարտության պատմության մեջ Ռուսաստանի ու Թուրքիայի ներգրավվածությունն իր նրբություններն ունի։ Չենք թաքցնում, որ կողմ չենք այն դիրքորոշմանը, թե կարող է ու թույլատրելի է այս խնդրի ռազմական կարգավորումը։ Երկու ժողովուրդներին՝ հայերին ու ադրբեջանցիներին դիտարկելով որպես բարեկամ ու եղբայրական ժողովուրդներ, մենք չենք կարող կիսել նման ձգտումները»,- հավելել է նախարարը։
«Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են ձեր թվարկած լարվածությունների օջախներում հակամարտությունների կարգավորման շուրջ (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում ու Լիբիայում)։ Գաղտնիք չէ, որ մի շարք վիճելի տարծաշրջանային խնդիրների հարցում օբյեկտիվ պատճառներով կան ու կարող են լինել մոտեցումների տարբերություններ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան գնահատում թվարկված հակամարտություններում Թուրքիայի ներգրավվածությունը։ Լավրովը հիշեցրել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին են արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները։ Նա ընդգծել է, որ հենց համանախագահների այս եռյակն է ԼՂ հակամարտության հարցում համընդհանուր ընդունելի ձևաչափ։