«ԻՐԵՆ ՆԿԱՐԱԳՐԵԼԻՍ ՉԿԱ ՍԿԻԶԲ, ՉԿԱ ՎԵՐՋ». ԼԻԱ ԶԱԽԱՐՅԱՆԸ՝ ՀԵՐՈՍԱՑԱԾ ՏԻԳՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախյան պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բալետի արտիստ Տիգրան Հարությունյանը։ Տիգրանն այն եզակի լուսավոր տղաներից մեկն էր, որը դեռ երկար ստեղծագործական ուղի պետք է գծեր, սակայն ինչպես մեր բոլոր հերոսները, այնպես էլ նա չխնայեց կյանքը հանուն հայրենիքի, ընտրեց անմահության եւ հերոսացման փառահեղ ուղին։

 

Տիգրանի հերոսացման լուրը նրա մտերիմներին ու շոուբիզնեսի ներկայացուցիչներին հպարտություն եւ, միեւնույն ժամանակ, մեծ վիշտ է պատճառել։

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Տիգրանի մասին գրել է. «Ճանաչե՛ք մեր հերոսին, Աստված հոգիդ լուսավորի, Տի՛կ ջան: Տիկոյին մեր ինստիտուտից գիտեմ: Հենց տեսնում էի իրեն, միշտ կողքինիս ականջին փսփսում էի. «Նայի՛ր, նայի՛ր,  ինչ նման է Սասունցի Դավթին»: Բախտ վիճակվեց աշխատել միասին: Նկարահանումների ժամանակ անկեղծացա ու ասացի, որ շատ եմ նմանեցնում: Պատասխանեց. «Ես ավելի սիրուն չե՞մ»:  Անմահացար» :

Իսկ «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանը գրել է. «Հոկտեմբերի 11-ից շունչներս պահած սպասման մեջ էինք, որ քեզ բան չի եղել, Տի՛կ ջան, բայց… Է՛լ չեմ դիմանում էս ամենին, խոսքեր չեմ գտնում… Սիրտս կանգնել է, հոգիս լացում է ձեր համար, քո՛ համար, Տի՛կ ջան..

Մեր լա՛վ ընկեր, իմ լա՛վ ընկեր, լա՛վ տղա, լա՛վ մարդ, քեզ երբեք չենք մոռանա: Ո՞նց եկար 3 ամիս առաջ Ամարաս, գրկեցիր ինձ ու ասեցիր. «Վի՛կ ջան, 2 ամսից վերջացնում եմ ծառայությունս գամ, որ միասին թույն գործեր անենք… Տիկո՛ս, Աստված հոգիդ լուսավորի, հանգչի՛ր խաղաղությամբ, մեր ՀԵՐՈ՛Ս»:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է նաեւ Տիգրանի լավագույն ընկերներից Լիա Զախարյանի հետ: Լիան թեեւ հուզմունքով, բայց հպարտությամբ մեզ հետ զրույցում պատմել է արդեն հերոս Տիգրանից իրեն մնացած հիշողությունների եւ իրեն տված նրա խոստման մասին, որն այդպես էլ, ցավոք, մնաց անկատար։

«Իրեն նկարագրելուց  չկա սկիզբ, չկա ընթացք, չկա վերջ: Ես չգիտեմ, թե իր տեսակը որտեղից է սկսում: Կյանքումս իմ հանդիպած միակ մարդ արարածն է, դեռ չեմ ասում՝ տղան, ով երբեք չի իմացել՝ ինչ է կոնֆլիկտը՝ գործնական վայրում կլինի, թե ընկերական միջավայրում: Կոնֆլիկտ, հակաճառել, նեղացնել կամ ինքը նեղացնի, ինչ-որ վեճ լինի, որ ինքը մասնակցի, ես երբեք չեմ տեսել, չեմ լսել: Շատ կատակներ ենք արել միասին, չեմ զգացել նույնիսկ մի վայրկյան, որ նա մի բանից կարող էր նեղվել կամ փորձեր դրան հակառակ ինչ-որ բան անել, հակաճառել: Նա միշտ եղել է իր տեսակի մեջ հավատարիմ, հանգիստ, իրեն բնորոշ միշտ դրական»,-պատմում է Լիա Զախարյանը:

Վերջինիս խոսքով՝ երբ արդեն սկսել են փնտրել Տիգրանին, նա իր հոգում դեռ հույսեր է փայփայել, որ նա կհայտնվի, բայց…

«Չէի ուզում հավատալ, ամեն տեղ աչքերով փնտրել եմ իրեն, ամեն նկարի, ամեն տեսանյութի մեջ: Մենք միասին տեղ էինք գնալու, բայց այդպես էլ չհասցրինք: Տիգրանն ինձ խոստացել էր, որ միասին տանիք կբարձրանանք, որտեղից ամենագեղեցիկն է երեւում Երեւանը, աստղերն ու լուսինը: Միայն մի բան եմ ուզում, որ բոլոր հերոս տղաները հետ վերադառնան, քանի որ իրենք արդեն հաղթել են ե՛ւ թշնամուն, ե՛ւ մահվանը»,- հավելում է դերասանուհին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի նախավերջին՝ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականից կրած տնային պարտությունը՝ 1:2 հաշվով: «Մեր համագործակցությունն ավարտվում է այստեղ: Ես սիրում եմ այս երկիրը եւ հավատում եմ, որ վրացական ֆուտբոլի առաջընթացը կշարունակվի: Ցավոք, որոշ ֆուտբոլիստներ չեն գիտակցում պատասխանատվության զգացումն իրենց թիմի հանդեպ եւ այն, թե ինչ համազգեստով են խաղում: Հնարավոր է, որ իմ հեռանալուց հետո որոշ ֆուտբոլիստներ այլեւս չեն կարողանա ընդգրկվել ազգային թիմում»,-ասել է սլովակ մասնագետը: Հիշեցնենք, որ «Եվրո-2020»-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակչում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից կրած պարտությունից ու առանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրի մնալուց հետո Վլադիմիր Վայսը հայտարարել էր, որ չի շարունակելու աշխատանքը Վրաստանի հավաքականում: 56-ամյա մարզիչը Վրաստանի հավաքականը գլխավորում է 2016 թվականից:

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 8 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար Հյուսիսային Մակեդոնիան ունի 9 միավոր, Վրաստանը՝ 6, իսկ Էստոնիան՝ 2: Նոյեմբերի 18-ին անցկացվելիք վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP ստադիոնում կմրցի մակեդոնացիների հետ։

 

 

ՊԱՐՏՎԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

Ֆուտբոլի Պերուի Կլաուսուրայի առաջնության 6-րդ տուրում «Ունիվերսիդադ Կախամարկան» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Ալիանցա Ուրականոյին»: «Ունիվերսիդադ Կախամարկայի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը, որը 83-րդ րոպեին գոլային փոխանցման հեղինակ է դարձել գեղեցիկ անցումից հետո: Ընթացիկ առաջնության 6 տուրերում 34-ամյա հարձակվողը խփել է 4 գոլ ու երրորդն է ռմբարկուների ցուցակում: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի առաջին հատվածում Գեւգեոզյանը 10 գոլի հեղինակ էր դարձել Պերուի Ապերտուրայի առաջնության 19 տուրերում: Մաուրո Գեւգեոզյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2 ընկերական հանդիպում է անցկացրել 2014-ին։ Նա այս տարվա հունվարին էր միացել «Ունիվերսիդադ Կախամարկային»: Հարձակվողի նախորդ ակումբն էր Արգենտինայի առաջին դիվիզիոնում հանդես եկող «Տեմպերլեյը»:

 




Լրահոս