ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՆՈՐ ՕՐԵՆՔ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել «Հայաստան բնական գազի, նավթամթերքի եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության վավերացման մասին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

 

Ավելի վաղ Պուտինն օրենք էր ստորագրել Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման պարզեցման մասին համաձայնագրի արձանագրության վավերացման մասին` չեղարկելով ժամանակավոր պարբերական մաքսային հայտարարագրումը Ռուսաստանից Հայաստան 95-ից պակաս օկտանային թվով ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, ռեակտիվ վառելիք, ջեռուցման մազութ, նավթային հեղուկ պարաֆինի արտահանման համար:

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստան բնական գազի, նավթամթերքների եւ չմշակված բնական ադամանդների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի լրացման մասին արձանագրությունը ստորագրվել էր 2020 թվականի ապրիլի 7-ին Մոսկվայում:

Արձանագրությունը ռուսական նավթամթերքի (նավթային գուդրոն) արտահանում է նախատեսում Հայաստանի տարածք` առանց արտահանման մաքսատուրքի գանձման: Բացի այդ, թարմացվում են Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային նոմենկլատուրայի միասնական կոդերը:

Իսկ երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասն բացատրել է «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդաշարի եթերում, թե ինչու Ռուսաստանն ուղիղ ռազմական աջակցություն չի ցուցաբերել Հայաստանին՝ լինելով ՀԱՊԿ անդամ. հաղորդում է ՄԿ-ը:

Պուտինը բացատրել է, որ Ադրբեջանը սկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ, մարտերն անցկացվել են միայն այդ տարածքում, սակայն Երեւանն այդպես էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղն ու դրա տարածքը եղել եւ այժմ էլ Ադրբեջանի Հանրապետության մասն է»,- նշել է Պուտինը: Հայաստանի տարածքի նկատմամբ ագրեսիա չի եղել, ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն իրավունք չի ունեցել մասնակցել այդ հակամարտությունում:

Ինչ վերաբերում է Երեւանի հետ ռազմատեխնիկական համագործակցությանը, Հայաստանը ստացել է անհրաժեշտ օգնությունը: Մոսկվան արել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի Հայաստանն իրեն լքված եւ մոռացված չզգա:

Պուտինը նաեւ ընդգծել է, որ հրադադարի համաձայնագիր կնքելու համար Երեւանը հնարավորություն ուներ դեռեւս հոկտեմբերին: Այդ ժամանակ Պուտինը համոզել էր Ալիեւին դադարել պատերազմը, սակայն Փաշինյանը պնդել էր, որ ռազմական գործողությունները պետք է շարունակվեն: Այդ ամենը հանգեցրել էր Շուշին ադրբեջանական զորքերի կողմից գրավելուն, ինչը բացել էր ճանապարհ դեպի Ստեփանակերտ:

Նա նաեւ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ շփվելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ձմռանը պատրաստելու հարցը:

«Փոխվարչապետ Ալեքսանդր Վալենտինովիչ Նովակը մասնակցում է մեր աշխատանքներին: Հիմա ես ձեզնից ոչ մի զեկույց չեմ խնդրում: Ես պարզապես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ ձմեռ է գալիս: Ի վերջո, տեղանքը լեռնային է: Այնտեղ ցուրտ է: Հետեւաբար, այս դեպքում հայկական կողմի հետ շփվելիս այդ խնդիրները պետք է հաշվի առնվեն: Ես խնդրում եմ ձեզ ուշադրություն դարձնել դրան», – ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը հանձնարարել է Նովակին այս հարցի վերաբերյալ առանձին զեկուցել ավելի ուշ:

Նախագահը նաեւ հանձնարարել է Ռուսաստանի ուժային եւ տնտեսական գերատեսչությունների ղեկավարներին սերտ կապ հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ:

Ն.Հ.

 

 

ՄԵԿՆԵԼ Է ՀՈՐԴԱՆԱՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ կարճատեւ աշխատանքային այցով մեկնել է Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Նա հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ: Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր:

 

 

ԴԵՍՊԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյեդ Աբաս Արաղչիին: Իրանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն իր զրուցակցին տեղեկություններ է հաղորդել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարության՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում եւ Արցախում ստեղծված վիճակի ու ընթացիկ զարգացումների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու հետպատերազմյան գործընթացների, տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերի մասնակցության եւ հետագա հնարավոր դերակատարության մասին: Քննարկվել են ստեղծված բարդագույն պայմաններում Հայաստան-Իրան փոխշահավետ եւ  փոխհամաձայնեցված համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջոցով. այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Որեւէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որեւէ վայր դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,- հավելել է նա:

 

 

ՀԵՌԱԿԱ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ

Բաքվի դատարանը հեռակա ձերբակալել է Հայաստամի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին. այս մասին հայտնում է Trend գործակալությունը: Օհանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «Ցեղասպանություն» հոդվածով: Բաքվի ռազմական դատարանը դեռ նոյեմբերի 11-ին է քննել հայցը եւ Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել հեռակա ձերբակալումը: Միաժամանակ, Ադրբեջանի իրավապահ մարմինները Սեյրան Օհանյանի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:

 

 

 

ԴՐԱԿԱՆ

COVID-ի դինամիկայում դրական միտում է տեսնում համավարակի ընթացքում բազմաթիվ վարակակիրների ընդունած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը։ «Վերջին 3-4 օրերի ընթացքում որոշակի դրական միտում է նկատվում, ճիշտ է, տանն էլ դեպքերի թիվը էական դեռ նվազման միտում չի տալիս, բայց ընդհանուր թիվը զգացնել է տալիս, որ ունենք դրական միտում: Հոսպիտալացման կարիք ունեցողներն, իհարկե, անհամեմատ նվազում են, որովհետեւ եթե մի շաբաթ, 10 օր առաջ, իհարկե, մենք տեսնում էինք բավականին ծանր վիճակ՝ որ շատ մեծ թվով հիվանդներ, կարիք ունենալով հոսպիտալացման, հնարավորություն չէր լինում հոսպիտալացնել, հիմա այդ տենդենցը նկատելի է, որ նվազում է», – նշել է նա: Մասնագետի կարծիքով՝ կորոնաթվերի նվազման հնարավոր պատճառներից մեկը մարդկանց սոցիալական ակտիվության նվազումն է, մյուսը՝ իմունիտետը: Ըստ Մանուկյանի՝ հասարակության մի մասն արդեն վարակվել է COVID-ով ու իմունիտետ ձեռք բերել։ Մայրաքաղաքի փողոցներում օրեցօր պաշտպանիչ դիմակներ կրող ավելի մեծ թվով քաղաքացիների կարելի է հանդիպել, պատերազմի օրերին քչերն էին պահպանում հակահամաճարակային այդ կանոնը։ Այդ տենդենցը նաեւ քաղաքացիներն են նկատել, վստահեցնում են՝ հասկանում են, որ պետք է պաշտպանել եւ պաշտպանվել:

 

 

ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ՀԵՏ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ: Քննարկման առանցքում եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

 

 




Լրահոս