Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան ՁԸհհ լրատվական գործակալությանը։
«Այն հարցերը, որոնք լուծված չեն համատեղ հայտարարությամբ, պետք է բանակցությունների առարկա դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,-հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակից, որի մասին խոսք չկա նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում։
Փաշինյանը միեւնույն ժամանակ ընդգծել է, որ տվյալ պահին ավելի օպերատիվ կերպով պետք է լուծվեն գերիների եւ կալանավորված անձանց ամբողջական փոխանակումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետներից՝ Փաշինյանն ասել է, որ չի կարծում, թե այդ ժամկետը կսահմանափակվի 5 տարով։ «Չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով»
«Դա քաղաքական համաձայնության հարց է: Նման համաձայնություն է ձեռք բերվել: Եվ 5-ամյա ժամանակահատվածում, իհարկե, պետք է հասցնել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության երաշխիքներ ձեւավորել: Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը տեւական հակամարտություն է, չեմ կարծում, որ ռուսաստանյան խաղաղապահների մնալու ժամկետը կսահմանափակվի 5 տարի ժամկետով,-ասել է վարչապետը: Այն հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանում ներքաղաքական վիճակը, հատկապես որ ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո հնչում են հրաժարականի կոչեր, վարչապետը պատասխանել է. «Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում: Եվ ես կարծում եմ, որ ժողովրդի կողմից ձեւավորված իշխանության հարցը կարող է լուծվել միայն ժողովրդի կամարտահայտությամբ: Ներկայում փաստն այն է, որ ընդդիմության կողմից հնչող կոչերը հայ հանրության աջակցությունը չեն ստանում: Եվ դա պետք է արձանագրել»:
«Ես հրապարակել եմ ճանապարհային քարտեզ 6-ամսյա ժամանակահատվածի համար, եւ առաջիկա 6 ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակի կայունացման ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության ոլորտում իրավիճակը, տնտեսական կայունությունը: Եվ դրանից հետո մենք կխորհրդակցենք մեր հանրության, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ եւ որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի կապակցությամբ, թե ինչ պետք է անենք հետագայում», – ասել է վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ այսօր նաեւ կարեւոր է առաջին հերթին չսրել իրավիճակը, չվատթարացնել այն:
«Հիմա մեր առջեւ շատ հարցեր կան՝ կապված Արցախի, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների՝ իրենց տներ վերադարձի հետ: Պետք է սոցիալական որոշակի երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների համար եւ այն մարդկանց համար, ովքեր իրենց տունն են կորցրել: Պետք է կայունացնել սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում», – ասել է Փաշինյանը: Անդրադառնալով զոհվածների, անհետ կորածների թվին, փախստականների խնդրին՝ վարչապետը նշել է, որ զոհվածների թիվը պարբերաբար հրապարակվել է, եւ հիմա շատ կարեւոր է ճշգրիտ լինել այս հարցում:
«Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, եւ մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն: Ինչ վերաբերում է անհետ կորածներին. մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, եւ պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարեւոր է, ինչպես արդեն ասացի, գերիների եւ կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, եւ Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին», – ասել է Հայաստանի վարչապետը:
Անդրադառնալով երկրի տնտեսական վիճակին՝ Փաշինյանը նշել է, որ տնտեսական իրավիճակն, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչեւ պատերազմը, եւ դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Նրա խոսքով՝ այսօր ոչ միայն պետք է հաշվել վնասները, այլեւ կոնկրետ քայլեր կատարել տնտեսական կայունությունը վերականգնելու համար: «Մենք աշխատում ենք եւ աշխատելու ենք այդ ուղղությամբ, եւ ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ», – ասել է Փաշինյանը:
Թե ինչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն եւ աշխատանք են մնացել, Փաշինյանը պատասխանել է. «Արդեն 2 ծրագիր է ընդունվել, եւ մոտակա օրերին եւս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, եւ մենք վստահ ենք, որ մինչեւ տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա»:
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի մրցույթ 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Աուտիզմ եւ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների բուժման, վերականգնման, կրթության եւ զբաղվածության ապահովման ծառայություններ» միջոցառումն իրականացնելու նպատակով:
Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Դրամաշնորհը կհատկացվի աուտիզմ ունեցող երեխաների համար մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությանը հանրապետությունում աուտիզմ ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը եւ ներառմանն աջակցելու նպատակով: Նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մեկ այլ մրցույթ` 2021 թվականի պետական բյուջեի նախագծի «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպմանն օժանդակող միջոցառումներն» իրականացնելու նպատակով: Դրամաշնորհը կհատկացվի ՀՀ Տավուշի մարզում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության ընտրության նպատակով:
Մրցույթներին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն կազմակերպությունները, որոնք կապահովեն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպմանմանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 370-Ն հրամանի հավելվածով հաստատված տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման մասում նկարագրված գործընթացները: Մրցույթների մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 1563 ԴԵՊՔ
Հայաստանում նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 1563 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 129085 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 494568, վերջին մեկ օրում` 4198 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 25619 պացիենտ. մեկ օրում նվազել է 450-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 100913 անձ, վերջին մեկ օրում՝ 1969 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 38 քաղաքացի, մահացածների թիվը 2040 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:
ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի եւ երկարամյա անձնվեր աշխատանքի համար բժիշկհամաճարակաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հետմահու պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հիշեցնենք, որ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ Վլադիմիր Դավիդյանցը կյանքից հեռացել է 2020թ. հոկտեմբերի 30-ին: