Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի ընթացքում եւ հետո իշխանությունների կազմում եղան կտրուկ փոփոխություններ: Նախ հենց ընթացող պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 9-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը: Վարչապետի ՝ Քյարամյանի պաշտոնանկությանը նախորդած գրառման մեջ նշվում է, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Թե արդյոք ԱԱԾ-ն չորս ամիս ղեկավարած Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունը կապ ունե՞ր վարչապետի այս բացահայտման հետ, կառավարությունից չէին մեկնաբանում, սակայն արդեն դեկտեմբերի 24-ին նա նոր պաշտոն ստացավ՝ նշանակվելով Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Մյուս կադրային փոփոխությունները եղան արդեն պատերազմի ավարտից եւ նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո: Նախ նոյեմբերի 18-ին, վարչապետի որոշմամբ Արա Այվազյանն ազատվեց արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նորանշանակ արտգործնախարարը 51 տարեկան է, նախկինում եղել է Մեքսիկայում, Կոստա Ռիկայում, Կուբայում, Հոնդուրասում, Գվատեմալայում և Պանամայում ՀՀ դեսպանը, իսկ դրանից ավելի վաղ էլ Մերձբալթյան, ինչպես նաև այլ երկրներում է զբաղեցրել դեսպանի պաշտոնը: Նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 16-ին, դրանից մեկ օր անց ազատվեց նաեւ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ապա հրաժարականի դիմում ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրան նոյեմբերի 20-ին փոխարինեց Անդրանիկ Փիլոյանը: Նույն օրվա որոշմամբ Զարուհի Բաթոյանին էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում փոխարինեց Մեսրոպ Առաքելյանը: Նույն օրը Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից: ՀՀ նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով պաշտպանության նախարար է նշանակվել Վաղարշակ Հարությունյանը:
Իսկ Նոյեմբերի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահան Քերոբյանը նշանակվեց Էկոնոմիկայի նախարար: Իսկ դրանից երեք օր առաջ՝ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։