Հակածխախոտային օրենքը շարունակում է կռվախնձոր հանդիսանալ իշխանության տարբեր թեւերի միջև: Դեռ այս տարվա սկզբին ընդունված օրենքի համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ին կտուգանվեն այն առևտրի կետերը, որոնք ցուցափեղկերում ցուցադրաբար կգովազդեն ծխախոտային արտադրանքները։ Սակայն օրեր առաջ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մի քանի անդամներ օրենքի նոր նախագիծ են մշակել, որով առաջարկում են այդ կետերը 1 տարով հետաձգել, որպեսզի կարողանան հաշվարկել տնտեսության վնասը։
Եվ ահա հենց այս առաջարկն էլ Առողջապահության նախարարության և խորհրդարանի միջև վեճի առիթ է դարձել։ Պատգամավորները որպես հիմնավորում նշում են, թե հատկապես փոքր կրպակներն ու խանութները ծխախոտային արտադրանքը գովազդելու համար տարեկան շուրջ 10 մլն դոլար գումար են ստանում եւ նրանք միանգամից զրկվելու են այդ գումարներից: ԵՎ ահա, այդ օրենքի մի քանի դրույթներ կհետաձգվեն, եթե արտահերթ նիստում բոլոր պատգամավորները կողմ քվեարկեն իրենց գործընկերների առաջարկին, սակայն հետաքրքիր է, որ Առողջապահության նախարարությունն ամեն դեպքում դեմ քվեարկելու կոչ է անում:
Առողջապահության նախարարությունն իր այս քայլը հիմնավորում է նրանով, թե միջազգային գործընկերների հետ իրականացրած ուսումնասիրությունների համաձայն, տարեկան 5 հազարից ավելի մահ պայմանավորված է ծխախոտային ռիսկի գործոնով: Ուշագրավ է, որ Առողջապահության նախարարությունը սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տեղադրել նախարար Արսեն Թորոսյանի անունից եւ ընդգծել, թե իր համար զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.