ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Աբովյան քաղաքում գտնվող եկեղեցու պահակի սպանության դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մայիսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական հարցի շուրջ նրա և եկեղեցու պահակի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 68-ամյա տղամարդը օղու շշով հարվածել է պահակի գլխին և վերջինս վայր է ընկել:
68-ամյա տղամարդը հեռացել է, սակայն նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, վերադարձել է եկեղեցու բակ, նույն հարցի շուրջ վիճաբանել պահակի հետ, ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև բազալտե սալիկով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին: Այնուհետև շարունակելով իր հանցավոր դիտավորությունը՝ ձեռքերով սեղմել է նրա պարանոցը և առաջացրել է մեխանիկական շնչահեղձություն՝ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելով եկեղեցու պահակին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: