Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հունվար ամսվա նստաշրջանում ընդունեց բանաձև (Res. 2357)` հիմնված Մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցի վրա (Doc. 15211), որում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին։
Այսպես.
9.2 կետում նշված է, որ Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում մոնիտորինգի ընթացակարգի ներքո գտնվող կամ հետմոնիտորինգային երկխոսության մեջ ներգրավված մի շարք երկրներում տեղի ունեցող զարգացումների և չլուծված խնդիրների վերաբերյալ։ Որպես նշվածի օրինակ՝ վկայակոչված է Հայաստանի Հանրապետության կողմից առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ամբողջապես հաշվի առնելու ՍԴ կազմի հրատապ փոփոխությունը։
39-րդ կետում նշված է՝ 2020 թվականի սեպտեմբերին ՍԴ երեք նոր դատավորների ընտրությունը բարձր դատարանի կազմի փոփոխության համար պայքարի վերջին դրվագն էր, որը սկսվել էր դեռևս անցած տարի։ ՍԴ նախագահի և Վարչապետի միջև ստեղծված լարվածության մակարդակը ստիպեցին համազեկուցողներին, ինչպես նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահին, հունվարին հանդես գալ զսպվածության կոչերով (հաշվի առնելով կոչերի բովանդակությունը՝ ակնհայտ է, որ այն ուղղված էր քաղաքական իշխանություններին)։
Նկատենք՝ համավարակով պայմանավորված, ինչպես նաև ԵԽ-ՀՀ իշխանություններ երկխոսության արդյունքում Կառավարությունը հրաժարվեց ՍԴ դատավորների փոփոխությունը նախատեսող հանրաքվեից և որոշեց վերադառնալ Սահմանադրության փոփոխության պառլամենտական ընթացակարգին և ունենալ նաեւ Վենետիկի Հանձնաժողովի կարծիքը նախագծի վերաբերյալ։ Վերջինս նաեւ կարծիք էր ներկայացրել, որ անհրաժեշտ է դատավորների փոփոխության համար անցումային ժամանակաշրջանի տրամադրում՝ ապահովելու աստիճանական փոփոխությունը, որին ՀՀ իշխանությունները չեն հետևել։
Հավելենք, որ ՍԴ դատավորների գործերը գտնվում են ՄԻԵԴ-ում, որը, հանդիսանալով Եվրոպայի խորհրդի ինստիտուտ՝ իր որոշումները կայացնելիս կարևորություն է տալիս համանման զեկույցներում, բանաձևերում ամրագրված գնահատականներին։
Մանրամասները՝ տեսանյութում