ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պատգամավորները կհավաքվեն. Ազգային ժողովում ընտրություն է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 9-ին Ազգային ժողովը կգումարի հերթական նստաշրջանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է 13 հարց, որից մի քանիը քննարկվելու են արդեն երկրորդ ընթերցմամբ: Թերեւս հետաքրքիր քննարկում կարող է ծավալվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ: Ինչպես հայտնի է, թեկնածուն մեկն է՝ Լիլիթ Թադեւոսյանը, որը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։

Վճռաբեկ դատարանում թափուր տեղի հարցի քննությունը պետք է անցկացվեր դեռ դեկտեմբերի 20-ին, բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեկնածուների հիմնավորումը նամակով փոխանցել էր Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընտրությունը հետաձգել։ Այժմ արդեն թեկնածուն հանդիպել է բոլոր խմբակցություններին, նաեւ անկախ պատգամավորներին եւ հարցի քննարկումն ի վերջո տեղի կունենա: Թադևոսյանը դեռ թեկնածուի կարգավիճակով նոյեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանի մոտ մասնակցել էր խորհդակցության՝ իրավապահ համակարգի մյուս ղեկավարների հետ միասին։

Այդ հանդիմանը Փաշինյանը բարձրացրել էր նաև հարցը, թե արդյոք դատաիրավական համակարգը պատշաճ է արձագանքել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործին։ Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությունն այդ քննարկմանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:

Քննարկվելիք հարցերի մեծամասնությունը ներկայացրել է կառավարությունը, սակայն նախագիծ ունի նաեւ ընդդիմադիր ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն, ըստ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի, առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար 12-20 տարի ազատազրկում։

ԲՀԿ-ականներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը և ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ և համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու և զգոնությունը բարձրացնելու համար։ Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում են 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս