ՊՆ-Ն ՉԳԻՏԻ՝ ԻՆՉ ԱՆԵԼ ԵՎ ԻՆՉՊԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-ից 12-ը՝ Արեւմտյան Հայաստանի, իսկ այսօր Թուրքիայի տարածքում գտնվող Կարս քաղաքում համատեղ զորավարժություն են անցկացնում, սակայն Հայաստանի իշխանություններին, առավել եւս՝ պաշտպանական գերատեսչությանը այդ փաստը, կարծես թե, այնքան էլ չի հուզում: Ավելին, անգամ հակաքայլեր այդ ուղղությամբ չեն իրականացվում՝ բավարարվելով մեկ-երկու հայտարարություն տարածելով: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 29-ին այսպիսի բովանդակությամբ հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին. «Փետրվարի 1-12-ը Թուրքիան զորավարժություններ կանցկացնի Հայաստանի սահմանին մոտ գտնվող Կարսում, որին կմասնակցեն նաեւ ադրբեջանցի զինվորականները։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` վարժանքների ընթացքում նախատեսվում են նոր սպառազինության փորձարկումներ։ Խնդրում եմ հայտնել՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, եւ, առհասարակ, ինչ ծրագրեր կան այս մասով»: Եվ, ահա, այս հարցումից օրեր անց՝ երեկ, «Ժողովուրդ» օրաթերթը Պաշտպանության նախարարությունից այսպիսի ուշագրավ պատասխան է ստանում. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Նկատենք՝ այս դեպքում խոսքը 30-օրյա ժամկետի մասին է, որը լրանում է մարտի 1-ին, այսինքն՝ զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների եւ մի պարզ հարցի՝ Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ: Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, եւ ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ: Հիշեցնենք, որ նախորդ անգամ օգոստոսին Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ անցկացրին Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջեւանում, դրան հաջորդեց արցախյան 44-օրյա դաժան կանոններով պատերազմը, եւ գոնե այս փաստը պետք է սթափեցնող հանգամանք հանդիսանա ՀՀ գործող իշխանությունների եւ պաշտպանական գերատեսչության համար: Սակայն, կարծես թե, դա այդպես չէ, եւ ՊՆ-ն, անհասկանալի է, ինչ է մտածում նոր ծրագրերի, բանակը վերազինելու վերաբերյալ:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների երկրորդ հանդիպումն է պլանավորվում: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչեւ փետրվարի 8-ը Մոսկվայում տարբեր հանիպումներ ունենա ռուսական էլիտայի հետ, որից հետո կվերադառնա Հայաստան: Նախօրեին լիդերների հանդիպման ժամանակ քննարկվել է այն հարցը, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից հետո միայն կսկսեն կոնկրետ պլաններ գծել, ինչի համար կլինի նոր հանդիպում՝ նույն կազմով: Հիշեցնենք, որ նախօերին կայացած հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղթելյանը եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հստակեցված է միայն, որ փետրվարի 20-ից ակտիվ գործողություններ են սկսելու իրականացնել ընդդիմադիրները՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց ինչքան էլ որ ընդդիմությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլ Փաշինյանը դեռ որեւէ կոնկրետ որոշում չունի այդ առումով, միայն կիսաձայն հասկացրել է, որ հունիսի 6-ին, հնարավոր է, լինեն նոր ընտրություններ: Նույնիսկ դա, սակայն, վերջնական չէ:

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած անակնկալ այցից «Ժողովուրդ» օրաթերթին որոշ հետաքրքիր եւ մտահոգիչ մանրամասներ են հայտնի դարձել: Մանավորապես, մարզի մի շարք բնակիչներ անահանգստացած մեզ ահազանգեցին՝ փոխանցելով, որ իրենց մարզում խոսակցություններ են պտտվում առ այն, որ վարչապետի եւ մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել նաեւ առանձին, եռակողմ հանդիպում մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի, Նիկոլ Փաշինյանի եւ Արարատի մարզի գնդի հրամանատարի միջեւ, որի ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) հետագա ճակատագրի հարցը: Մասնավորապես, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հայտնի եռակողմ ստորագրված հայտարարությունից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նաեւ որոշ անկլավային տարածքներ, որոնց մեջ է մտնում Տիգրանաշեն գյուղը (Քյարքի), ու լուրեր կան, որ վարչապետը հրահանգել է առաջիկայում դատարկել գյուղը, որպեսզի հանձնվի: Այս լուրի իսկությունը ճշտելու համար զանգեցինք վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանին: Մեր հարցին ի պատասխան՝ Մանե Գեւորգյանն ասաց. «Հաղորդագրությունը տարածել ենք ամեն ինչի մասին, ինչ որ այնտեղ քննարկվել է, ավելի ամփոփ ենք, իհարկե, ներկայացրել, բայց դրան ավելացնելու որեւէ բան չկա: Վարչապետը հրահանգ չի հնչեցրել գյուղը դատարկելու մասին»: Բայց այդպես էլ պարզ չդարձավ՝ նման քննարկում եղել է, թե ոչ:

 

 

 

 

Հայաստանի՝ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար 750 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկվել միջազգային շուկայում: Գործարքը տեղի է ունեցել հունվարի 26-ին: Եթե ավելի պարզ նշենք, ապա Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է եւս 750 մլն դոլարով, ինչը պետական պարտքը մոտեցրել է 9 մլրդ դոլարի շեմին: Եվ որքան էլ նշվում է, թե նպաստավոր տոկոսադրույքով են թողարկվել դրանք, ամեն դեպքում սա արտաքին աշխարհից ներգրավված պարտք է, որով պետական պարտքի բեռն աճում է: Սա նշանակում է, որ եկող տարիներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվելու պարտքը սպասարկելու համար: Բայց իրավիճակը փորձենք հասկանալ թվերով. Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար, տարվա ընթացքում, այսինքն՝ 2019 թվականի վերջի համեմատ՝ այն աճել է 647 մլն դոլարով: Իսկ 2020-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ աճելով մոտ 269 մլն դոլարով: Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն կազմում է 1 մլրդ 915 մլն դոլար. այս թիվն էլ ավելացել է մոտ 379 մլն դոլարով: Ավելին՝ 2021 թվականի պետական բյուջեն նախագծելիս Ֆինանսների նախարարությունը կանխատեսել է, որ այս տարվա վերջում պետական պարտքը հատելու է 9 մլրդ դոլարի շեմը, այսինքն՝ 2021-ը նոր հակառեկորդի տարի է լինելու, եւ մենք էլի համարվելու ենք պարտքով ապրող երկիր:




Լրահոս