Անի համայնքի ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարալիկի համայնքապետարանում պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիքի կատարմամբ վատնելու եղանակով համայնքին պատկանող զգալի չափերի գույքի հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքի առթիվ 2019թ.-ի սեպտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար 2021թ.-ի փետրվարի 17-ին Անի խոշորացված համայնքի ղեկավար Ա.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է:

ArmLur.am-ի՝ Շիրակի մարզի թղթակիցը վերոհիշյալի կապակցությամբ զրուցել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հետ։ Համայնքի ղեկավարն իր խոսքում նշեց, որ ամեն ինչ օրինականության սահմանների մեջ է, ոչ մի խախտում չի եղել, թող որոշեն օրենքի սահմաններում։ «Մենք որևէ մեղք որևէ հանցանք չենք կատարել»։

Հարցին թե, եթե ոչ մի խախտում չկա կատարված հետևաբար որ՞ն է իրական պատճառը, հնարավո՞ր է՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է իր անձի նկատմամբ։

«Կարծում եմ, բայց արդեն չեմ կարող ասել, ինչ է կատարվում, ինչի համար է այս ամեն ինչը, բայց մենակ ես գիտեմ, որ ես աշխատել եմ օրենքների սահմաններում, ոչ մի խախտում չեմ արել։ Կարող է կան վրիպակներ, ինչ-որ բաներ, բայց օրենքի խախտումներ, բայց մենք հնարավորինս աշխատում ենք թույլ չտալ, իսկ այսօր նման կարգի ձևերով, ձևաչափերով դա ուղղկի հետապնդում է անձի նկատմամբ»,- եզրափակեց Գրորգյանը։




Լրահոս