ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՈՐՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, Facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով Ազիզ Մուրադով տվյալներով, նույն ցանցի միջոցով կապ է հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմում անհետ կորած համարվող զինծառայողների մերձավոր ազգականների իգական սեռի ներկայացուցիչների հետ, որոնց թվում եղել է նաեւ 16 տարին չլրացած մեկ երեխա, եւ ներկայանալով որպես ադրբեջանցի՝ վերջիններիս սուտ տեղեկություններ է հայտնել նրանց գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին, որից հետո անհետ կորածների մասին որոշակի տեղեկություններ հայտնելու դիմաց պահանջել է հիշյալ սոցիալական ցանցի իր էջին ուղարկել մերկ վիճակում կատարված լուսանկարներ եւ տեսագրություններ՝ հակառակ դեպքում սպառնալով սպանել կամ բռնություն գործադրել նրանց գերեվարված հարազատների նկատմամբ:

 

Վերոհիշյալ դիտավորյալ գործողություններով սոցիալական ցանցի նշված օգտատերը կատարել է մարդկանց, այդ թվում՝ 16 տարին չլրացած երեխայի շահագործում, որը դրսեւորվել է իգական սեռի մի խումբ անձանց շահագործման վիճակի մեջ դնելով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ վիճակի խոցելիությունն օգտագործելու միջոցով:

Վերը նշվածդ դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ բերման է ենթարկվել տվյալ սոցիալական ցանցում Ազիզ Մուրադով տվյալներով գրանցված ՀՀ քաղաքացին, որը ձերբակալվել եւ տվել է խոստովանական ցուցմունքներ: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Նախաքննության ընթացքում պարզաբանվել են շուրջ մեկ տասնյակ տուժողներ, որոնք դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել են համապատասխան պարզաբանումներ, կատարվել են բազմաթիվ անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում կասկածյալի բնակարանում հայտնաբերվել եւ առգրավվել են վերջինիս կողմից շահագործված բջջային հեռախոսները, ինչպես նաեւ քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ օրենքով իրեն վերապահված գործիքակազմի կիրառմամբ հետեւողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանակներում ձեռնարկել իրավիճակից բխող վճռական գործողություններ՝ կանխելու խոցելի իրավիճակում հայտնված անձանց նկատմամբ հնարավոր հանցավոր ոտնձգությունները, եւ տեղեկացնում, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար որպես պատիժ նախատեսված է տասից տասներկու տարի ժամկետով ազատազրկում:

Միաժամանակ, ՀՀ ազգային անվտանգություն ծառայությունը եւս մեկ անգամ հորդորում է հանրությանն ապավինել բացառապես պաշտոնական աղբյուրներին, զերծ մնալ կասկածելի ծագումնաբանություն ունեցող բոլոր տեսակի առաջարկներից, իսկ այդպիսի առաջարկների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին՝ այդ կերպ խուսափելով խարդախության զոհի կամ այլ խոցելի վիճակում հայտնվելուց:

 

 

 

 

ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսել Ստեփանակերտում, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում եւ հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան համայնքների տարածքներում:  Չպայթած եւ վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները եւ ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ, բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում: Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից եւ «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային եւ կասետային ռումբեր, ականանետեր եւ այլ չթույլատրվող զինատեսակներ:

 

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ

Երեւանի տարբեր վարչական շրջաններում գտնվող 13 մանկապարտեզի եւ 14 դպրոցի շենքեր ուսումնասիրության են ենթարկվել: Երեւանի փրկարարական վարչության օպերատիվ խումբը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի 8 աշխատակից եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են այն կրթական հաստատություններ, որտեղ երկրաշարժից հետո որոշակի խնդիրներ են նկատվել: Ուսումնասիրություններն արվել են, որ տրված մասնագիտական կարծիքից հետո դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կարողանան հանգիստ ընդունել երեխաներին: Երեւանի դպրոցներում եւ մանկապարտեզներում երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի առաջացման տեսքով, ուստի հավաստիացրել է, որ շահագործման համար անվտանգ են: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։

 

 

 

ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄՆԵՐ

««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում շարունակվում է ապօրինի շենք-շինությունների, տաղավարների, պարիսպների ապամոնտաժման ու տարածքներն աղբից մաքրելու գործընթացը: Այս փուլում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքեւ գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ: Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սեւանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակզի ընկած ափամերձ եւ Սեւանի նավամատույցի հարեւանությամբ գտնվող լճափնյա հատվածներում: Սեւանա լճի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական եւ բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարեւոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսավարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։

 

 

 

3.005.000 ԴՐԱՄԻ ՎՆԱՍ

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 10.938.600 ՀՀ դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված թվով 9 դեպքով հաշվարկվել է 332.400 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

 

 

ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Արձանագրված 18 դեպքով հաշվարկվել է 7.933.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 6 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 153.000 ՀՀ դրամի չափով վնաս, նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 

ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ

Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 3.005.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 179.400 ՀՀ դրամի չափով վնաս։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 587.550 ՀՀ դրամ:

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

Փետրվարի 13-ին հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում տեղափոխվել է վրաերթի ենթարկված 28-ամյա Թելման Մուրադյանը: Պարզվել է, որ նույն օրը Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհին՝ Ջրառատ թաղամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել նրան եւ դիմել փախուստի։ Փետրվարի 14-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել 31-ամյա մի քաղաքացի եւ հայտնել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանում վրաերթի է ենթարկել քաղաքացու եւ հեռացել դեպքի վայրից։ Կատարվում է քննություն։

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ ԱԳԱՐԱԿՈՒՄ

Ագարակի գյուղապետ Հայկ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում նշել է, թե ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են լինում։ Նշենք, որ երեկ նմանատիպ տեսանյութ հրապարակել էր նաեւ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը որպես ապացույց։ Գյուղապետն ընդգծել է, որ թեեւ կրակոցները վտանգավոր չեն, բայց բնակիչներն անհանգստանում են։ Սարգսյանի խոսքով՝ գյուղի ներքեւի հատվածում՝ 1կմ հեռավորության վրա է թշնամին, իսկ գյուղի վերեւի հատվածից ադրբեջանցիները 4 կմ-ի վրայից են հսկում սահմանները։ Ագարակում 40 տուն կա, նախկինում գյուղի մաս հանդիսացող տարածքները հիմա դիրքերի են վերածվել։




Լրահոս