Բրոկոլին չի դադարում աշխարհին զարմացնել իր նորանոր օգտակար հատկություններով: Այս անգամ, Անգլիայի գիտնականները պարզել են, որ այս հիանալի մթերքը դանդաղեցնում է հոդերի ամենատարածված հիվանդություններից մեկի զարգացման արագությունը:
Մասնագետները բացահայտել են, որ բրոկոլիի մեջ պարունակվող սուլֆորաֆանը դանդաղեցնում է հոդերի աճառի քայքայումը` մի երևույթ, որը փոխկապակցված է սաստիկ ցավային համախտանիշի և բարձր հաշմանդամության հետ: Արդյունավետությունը ցուցադրվել է լաբորատոր մկների վրա: Սուլֆորաֆանը բավականին մեծ քանակներով պարունակվում է խաչածաղկավորների ընտանիքի բույսերում` բրյուսելական և սպիտակ կաղամբում, սակայն առավել մեծ են դրա քանակները բրոկոլիում: Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ այդ նյութն ունի նաև հակաուռուցքային և հակաբորբոքային ազդեցություն, սակայն նրա ազդեցությունը հոդերի վրա առաջին անգամ է ուսումնասիրվել:
Այս հարցը հուզում էր գիտնականներին օստեոարթրոզի կանխարգելման առումով: Օստեոարթրոզը հոդերի դեգեներատիվ հիվանդություն է (առաջին հերթին` ծնկային և կոնք-ազդրային հոդերի), որի պատճառով ամեն տարի միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում հաշմանդամ են դառնում, իսկ տնտեսությանը բազմամիլիալրդավոր վնաս է հասցվում:
Օստեոարթրոզի զարգացմանը նպաստում են երկու կարևորագույն գործոն` մեծ տարիքը և ճարպակալումը: Համաձայն վիճակագրական տվյալներին՝ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր հինգերրորդ մարդը 45 տարեկանից հետո բախվում է այս հիվանդության հետ: Դժբախտաբար, օստեոարթրոզի արդյունավետ դեղորայքային բուժում գոյույթուն չունի, և, ըստ էության, բժիշկները կարող են միան փոխարինել ախտահարված հոդն արհեստականով:
Սակայն վերադառնանք բրոկոլիին: Այժմ Նորվիչի բժշկական դպրոցի գիտնականները մի փոքր հետազոտություն են անցկացնում այն մարդկանց շրջանում, ովքեր օստեոարթրոզի հետևանքով սպասում են հոդի փոխպատվաստմանը: Գիտնականները փորձում են պարզել՝ արդյոք բրոկոլին որևէ կերպ ազդու՞մ է պաթոլոգիկ պրոցեսի վրա և կարելի՞ է արդյոք մարդկային օրգանիզմում ստանալ այն նույն արդյունքները, որ ստացվել են կենդանիների հետ փորձի ընթացքում: Հաջողության դեպքում, այս աշխատանքը կարող է հիմք դառնալ այս բնագավառում ավելի մասշտաբային ուսումնասիրությունների համար:
“Մեր աշխատանքի ներկայիս արդյունքները շատ խոստումնալից են”, – պատմում է հենաշարժական համակարգի մասնագետ և հետազոտման առաջատար հեղինակներից մեկը` Իեն Կլարկը: “Մենք բացահայտեցինք դրական արդյունք երեք փորձարկային մոդելների դեպքում` բջջային կուլտուրա, աճառային հյուսվածք, մկան օրգանիզմ: Այժմ մենք ցանկանում ենք պարզել` արդյոք դա աշխատու՞մ է մարդկանց դեպքում` թե օժանդակ բուժման, թե կանխարգելման տեսակետից: Իհարկե, հոդի փոխպատվաստումը բավականին հաջողված վիրահատություն է, սակայն դա կատարյալ ընտրություն չէ: Կարևոր է հնարավորինս երկար ժամանակ պահպանել սեփական հոդի ֆունկցիան: Կենսակերպը և դիետան օստեոարթրոզի կանխարգելման կարևորագույն բաղկացուցիչ մասերն են: Հենց սա էլ մեր հետազոտության հիմնական իմաստն է` մենք խորացնում ենք կանխարգելիչ սննդի ընկալումը, որպեսզի արդյունքում հստակ կարողանանք խորհուրդ տալ հիվանդին` կերեք սա և սա, և ձեր հոդերն առողջ կլինեն:”
Դե ինչ, անհամբերությամբ կսպասենք այս հետազոտության արդյունքներին: Եվ ինչպիսին էլ դրանք լինեն, մենք չենք դադարի սիրել բրոկոլին: Չէ՞ որ այն իրականում հրաշք-կաղամբ է` կատարյալ նվեր մեր առողջության համար: