ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում երկկուսակցական նամակի ներքո ստորագրահավաք է սկսել, որով կոչ է արվում նախագահ Ջո Բայդենին հետևել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի 2020 թվականի ապրիլին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, արված հայտարարությունը, որտեղ նա վստահեցրել է՝ «աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին»՝ նկատելով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը, «ժամանակն է անել դա նաև գործադիր մարմնում»: Նամակն ավարտվում է ճշմարտության հզոր կոչով:
«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Մենք կոչ ենք անում ձեզ կոտրել այս օրինաչափությունը և պաշտոնապես ճանաչել այն, որ Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն էր»,-ասված է նամակում:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ ամերիկահայերը և բոլոր աջակիցները միանում են սենատոր Մենենդեսին՝ կոչ անելով սենատորներին ստորագրել նախագահ Բայդենին ուղղված նամակը: