Արցախում նոր պատերազմ սկսելու մասին խոսակցություններն անհիմն են. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին այցելել է ԱՀ պետական եկամուտների կոմիտե և հանդիպել մի խումբ աշխատակիցների հետ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը, առկա խնդիրների հաղթահարման եղանակներն ու հեռանկարները: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ, ի հեճուկս տարբեր խոսակցությունների, Արցախը չի հրաժարվելու անկախության ճանապարհից և, Պաշտպանության բանակի ու ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, կառուցելու է իր անվտանգության համակարգը՝ երկարատև ժամանակահատվածում իրականացնելով տնտեսական զարգացման ծրագրեր:

Արայիկ Հարությունյանը հորդորել է տուրք չտալ Արցախում նոր պատերազմ սկսելու մասին անհիմն խոսակցություններին, որոնք ավելի շատ միտված են բնակչության շրջանում տարատեսակ խուճապային տրամադրությունների ստեղծմանը: Նա կոչ է արել հասարակությանը բոլոր ջանքերը միասնականորեն ուղղել պատերազմի հետևանքների վերացմանը և պետության անվտանգային ու սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացմանը:

Հանդիպման ընթացքում Նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:




Լրահոս