Տիգրան Ավինյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 16-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին:

Փոխվարչապետն ընդգծել է հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և արտահայտել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բարձրացնել դրանք նոր և հավակնոտ մակարդակի:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Նկատի ունենալով Հայաստանում Իրանից մինչև Վրաստան ձգվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրն ու երկաթուղային հաղորդակցությունների բացման հնարավորությունը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հնդկաստանին 2021թ.-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ Հնդկաստանի գործունեությունն Անվտանգության խորհրդում կնպաստի համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետը նկատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է լինի համալիր և ամբողջական, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման վրա: Այս համատեքստում կարևորվել է Հնդկաստանի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ բանակցությունների միջոցով:

Տիգրան Ավինյանը միաժամանակ առանձնացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ առանց նախապայմանների և շուտափույթ վերադարձի հարցը:

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության բնագավառում առկա փոխգործակցությանն ու դրա խորացման և ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը համակարծիք էին, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին, հետևաբար հարկ է իրացնել համագործակցության լայն հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, գիտության, գյուղատնտեսության, արևային էներգիայի օգտագործման ոլորտներում: Այս առումով կարևորվել է Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Կարողությունների զարգացման ոլորտում Հայաստանին հնդկական աջակցության կարևոր օրինակ է մատնանշվել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որի գործունեության շրջանակները հնարավոր է ընդլայնել՝ շեշտադրում կատարելով արհեստական բանականության ոլորտի վրա:




Լրահոս