ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020թ. ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչած կրակոցների գործով, ինչի հետեւանքով երկու անձ սպանվեց, առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի: Նկատենք, որ շուրջ մեկ ամսից կլրանա աղմկահարույց դեպքի մեկ տարին, եւ դեռ նախաքննական մարմնի կողմից դեպքի գործով կան հետախուզվողներ: Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ բուն սպանության գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 6 անձ, իսկ, ահա, Գավառի հիվանդանոցի վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, եւ ինչպես հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, գործը ուղարկվել է դատարան:

 

Հիշեցնենք, որ 2020թ. ապրիլի 28-ին Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով երկու անձ սպանվեց, որից հետո հաջորդեց վենդետան:

Գավառի ողբերգական դեպքը բավականին խորը արմատներ ուներ: Բանն այն է, որ ամիսներ առաջ միջադեպ էր եղել, անձինք էին ծեծվել, եւ դատելով իրավիճակից՝ իրավապահները համարժեք գնահատական չէին տվել կատարվածին, ինչի արդյունքում էլ Գավառի ճանապարհին միջադեպի կողմերը որոշել էին հանդիպել, ու հնչեցին կրակոցներ, որի հետեւանքով երկու անձ զոհվեց: Կրակոցներից 2 ամիս անց առեղծվածային պայմաններում ավտովթարից մահացավ քրեական գործով մեղադրյալ Նարեկ Հովհաննիսյանը, որի համար Նորատուս համայնքի մոտ 287 բնակիչ ստորագրահավաք էին իրականացրել, որ նրան ազատ արձակեին, սակայն երիտասարդ տղան մահացավ ավտովթարից, եւ կատարվածը խիստ կասկածների տեղիք է տալիս: 2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակահերթ է արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի եւ Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի եւ Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ. Ավետիսյանը եւ Զ. Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին «Գավառ ԲԿ» ՓԲԸ:

Այնուհետեւ սպանվածների հարազատներն ու ընկերները, տեղեկանալով, որ վերը նշված միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ ստացած անձինք բժշկական օգնություն են ստանում «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում եւ համոզված լինելով, որ նրանք են սպանել իրենց հարազատներին, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, հավաքվել են նշված բկ-ի բակում եւ մոտակայքում՝ բազմաթիվ անձանց հետ, որոնք, հայհոյանքներ հնչեցնելով, աղմկելով, վիրավորված անձանց հետ հաշվեհարդար տեսնելու, նրանցից վրեժխնդիր լինելու կոչերով փորձել են ներխուժել ոստիկանության ծառայողների հսկողության ներքո գտնվող տարածք՝ «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության շենք:

Չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների՝ տարածքն ազատելու, կուտակումներ չստեղծելու, բռնության կոչեր հնչեցնելը դադարեցնելու օրինական պահանջներին՝ մի խումբ անձանց հրահրմամբ սկսվել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները, վտանգելով հասարակական անվտանգությունը, բռնություն են գործադրել ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քաշքշելով, հրելով նրանց, կոտրելով բժշկական կենտրոնի մուտքի դռներն ու պատուհանները՝ ներխուժել են ներս, ջարդել, վնասել ու ոչնչացրել են բժշկական կենտրոնին պատկանող տարբեր տեսակի գույքը, ինչպես նաեւ վնասել են բժշկական կենտրոնի բակում կայանված «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲ եւ «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում գտնվող երկու շտապբուժօգնության ավտոմեքենաների անվադողերը՝ բժշկական կենտրոններին պատճառելով նյութական վնաս: Մասնակիցներից մեկը՝ Նորատուս գյուղի 35-ամյա բնակիչը, ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ կոտրել է նշված բժշկական կենտրոնի հիվանդասենյակների դռները եւ դրանցից մեկում հայտնաբերելով Դ. եւ Ա. Հայթյաններին, համոզված լինելով, որ վերջինս է սպանել եղբորը՝ վրեժխնդրության դրդումներով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով դանակով, այնուհետեւ բռունցքներով հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել. վերջիններս, մտածելով, որ սպանել են, հեռացել են բժշկական կենտրոնից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

 

 

 

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ 2020թ. սեպտեմբերի 13-ին Գյումրիում 35-ամյա տղամարդու սպանության եւ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանության դեպքերի բոլոր հանգամանքները, միջադեպերին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ: Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Գյումրի քաղաքի բնակիչ է, 23 տարեկան:

 

Սպանությունից ժամեր առաջ Գյումրի քաղաքի 34-ամյա բնակիչն ընկերների հետ վիճաբանել է 23-ամյա երիտասարդի եւ նրա ընկերների հետ, որի ժամանակ որպես զենք օգտագործվող երկաթյա ձողով բռնություն է գործադրվել վերջիններիս նկատմամբ: Պարզվել է նաեւ, որ նույն անձինք մահակի եւ քարերի գործադրմամբ վնասել են նաեւ կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան՝ արդյունքում խանգարելով մոտակայքում գտնվող քաղաքացիների, հարակից շենքերի բնակիչների հանգիստը, խաթարելով երթեւեկող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը: Բռնության ենթարկված 23-ամյա երիտասարդը, չհանդուրժելով իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքը, վրեժի շարժառիթով, վիճաբանել է մահակով իրեն ծեծի ենթարկած անձանց հետ, որի ժամանակ իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել 35-ամյա համաքաղաքացու որովայնի շրջանին՝ վնասելով որովայնային աորտան, ինչի հետեւանքով վերջինս մահացել է: Նույն օրը՝ մինչեւ վերոհիշյալ միջադեպը, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ՝ 34-ամյա տղամարդու եւ վերջինիս ընկերների, այդ թվում՝ 35-ամյա տղամարդու մասնակցությամբ:

Մասնավորապես, 2020թ. սեպտեմբերի 13-ին 34-ամյա տղամարդն իր երեք ընկերների եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձի հետ խմբի կազմում բարոյականության նորմերն արհամարհելու ներքին բավականության զգացումով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, ինքնահաստատման ձգտումով տեւական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ անցորդների, մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ դրսեւորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք` վերջիններիս ներկայությամբ վիճաբանել է այլ համաքաղաքացիների հետ, որի ընթացքում որպես զենք օգտագործվող երկաթյա ձողով բռնություն է գործադրել նրանցից մեկի նկատմամբ՝ հարվածներ հասցնելով վերջինիս գլխին եւ մարմնի տարբեր հատվածներին:

Բացի այդ, 34-ամյա տղամարդը, չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք եւ լինելով ոչ սթափ վիճակում, 2020թ. հուլիսի 16-ին իր կողմից վարվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրական սյանը: 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով (2 դրվագ), իսկ վերջինիս երկու ընկերներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով: Խուլիգանության դրվագներով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Սպանության դրվագով եւ ինքնությունը դեռեւս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: 23-ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

 

 

 

ԿԻՆԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի կինը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դիմել է դատավորին, որպեսզի իր ամուսնու մասով հարուցված քրեական գործով քրեական հետապնդումը դադարեցվի: Բանն այն է, որ Սերգո Կարապետյանը այս տարի մահացավ կորոնավիրուսի հետեւանքով, իսկ նրա մասով դատարանում քրեական գործ կա, որում ներգրավված է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վաղը կկայանա նիստը, եւ, ըստ  ArmLur.am-ին հասած լուրերի, դատավոր Վահե Միսակյանը, նախկին գյուղատնտեսության նախարարի կնոջ դիմումի հիման վրա, կդադարեցնի քրեական հետանդումը Սերգո Կարապետյանի նկատմամբ: Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործից Սերժ Սարգսյանի, Բարսեղ Բեգլարյանի, Սերգո Կարապետյանի, Սամվել Գալստյանի եւ Գեւորգ Հարությունյանի մասով անջատված գործով նախաքննության ավարտ էր հայտարարել, եւ գործը քննվում էր դատարանում: «Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը»,- ասված է ՀՔԾ հաղորդագրությունում։

Ըստ ՀՔԾ-ի՝ Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին՝ ՔՕ 38 (հանցակցություն)-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի երրորդ նախագահին մոտ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու մեղադրանք է առաջադրել անցած տարվա դեկտեմբերի 4-ին։ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս