Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ Վալերի Բուայեն, ԱԺ պատգամավորներ Ժակլին Դյուբուան, Ֆրանսուա Պուպոնին, Գզավիե Բրըտոնը:
Ողջունելով հյուրերն՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ, որ այցելել եք Հայաստան ու Արցախ, կրկնակի ուրախ եմ և գիտեմ, որ Հայաստանի լավ բարեկամներն եք»:
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն ասել է, որ ինքը և գործընկերները Հայաստանի ու Արցախի երկար տարիների բարեկամներ են, և իրենց թիվը կարող էր շատ ու շատ ավելի մեծ լինել, քանի որ Հայաստանը Ֆրանսիայում շատ բարեկամներ ունի: Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձևերի ընդունումն այն պայքարի արդյունքն է, որ իրենք վարում են երկար տարիներ:
Գի Տեսիեն նշել է, որ պատերազմական օրերին իրենք լավագույնս էին հասկանում ու կիսում հայ ժողովրդի ցավն ու տառապանքը, քանի որ Ֆրանսիան պետություն է, որն իր պատմության ընթացքում շատ պատերազմներ է տեսել, դժվար փորձությունների միջով անցել ու միլիոնավոր կորուստներ ունեցել:
Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են Արցախ կատարած այցից տպավորությունները: Նրանք կարևորել են պատերազմի, դրա հետևանքների, ռազմատենչ ու անմարդկային բնույթի մասին խոսելը, միջազգային հանրության առջև կատարվածը բացահայտելն ու բարձրաձայնելը:
Ֆրանսիացի խորհրդարանականներն ընդգծել են, որ շարունակելու են սատարել և աջակցել Հայաստանին ու Արցախին:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ իրենց գործունեության համար և նշել, որ Ֆրանսիայի և Հայաստանի բարեկամությունը բազմավեկտոր է. այն ընդգրկում է երկու ժողովուրդների պատմությունը, արժեքները, մշակույթը, առանձին անհատների, որոնք կերտել են և կերտում են այդ պատմությունը: Նախագահի Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում ուժը, հզորությունը կապված են ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության, գիտության զարգացման հետ, հետևաբար, միասնական ջանքերով պետք է ձգտել, որ Հայաստանը դառնա առաջադեմ և ուժեղ երկիր: