Գիտնականները կակաոյի օգտակար հատկությունների մասին ուսումնասիրություններ են անում դեռևս մ.թ.ա. 1200 թվականից և մինչ օրս մինչև վերջ չեն բացահայտել կակաոյի առողջարար և օգտակար հատկությունները: Այս մասին գրում է Business Insider-ը` ներկայացնելով 5 պատճառ, թե ինչու է կակաոյով հարուստ մուգ շոկոլադն օգտակար մեր օրգանիզմին:
1. Իրական շոկոլադն անառողջ ուտելիք չէ
Իրական շոկոլադը պատրաստվում է հիմնականում կակաոյից, որի օգտակար բաղադրությունն ապահովում է շոկոլադի առողջարար հատկությունները: Կակաոյի հիմնական բաղադրիչներից մեկը` ֆլավանոլները, հակաօքսիդանտներ են:
2. Շոկոլադը սնուցում է օրգանիզմի օգտակար բակտերիաներին
Գիտնականների վերջին հետազոտությունները բացահայտել են, թե ինչպես է շոկոլադն ազդում օրգանիզմի կենսագործունեության վրա: Այն սնուցում է օրգանիզմի օգտակար բակտերիաներին` ստեղծելով այնպիսի միկրոֆլորա, որը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը:
3. Շոկոլադն ասոցացվում է արյան ցածր ճնշման հետ
Հետաքրքրությունը կակաոյի` արյան ճնշման վրա ազդեցության նկատմամբ մեցածավ, երբ հայտնաբերվեց, որ Կենտրոնական Ամերիկայում բնակվող Կունա հնդկացիները աչքի են ընկնում արյան ցածր ճնշման մակարդակով, որի գաղտնիքը, թվում էր, 3-4 բաժակ կակաոն էր, որը նրանք խմում են օրական: Բազում հետազոտությունները, որոնք իրականացվել են հետագա տարիներին, ուսումնասիրել են կակաոյի ֆլավանոլների կապը արյան ճնշման հետ: 20 ուսումնասիրությունից 9-ը բացահայտել է այդ կապը արյան ցածր ճնշման և ֆլավանոլների սպառման միջև:
4. Շոկոլադը կարող է նպաստել երկաթի պակասը նվազեցնելուն
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալների համաձայն` երկաթի պակասը առաջատար դիրք է զբաղեցնում սննդային անբավարարությունների շարքում: Շաքարավազով պատրաստված քաղցրավենիքի փոխարեն մուգ շոկոլադ օգտագործելը նպաստում է օրգանիզմում երկաթի բավարար քանակ ապահովելուն:
Հարյուր գրամ տապակած սպանախը պարունակում է 3.5 մգ երկաթ, մինչդեռ 100 գրամ մուգ շոկոլադը` պատրաստված 70-85 տոկոս չոր կակաոյից, պարունակում է եռակի ավել երկաթ:
5. Շոկոլադը կարող է մեղմել թուլությունն ու հաղթահարել վատ տրամադրությունը
Շոկոլադը մարդիկ ուտում են դրա քաղցրության, հագեցնող լինելու, օգտակար հատկություններով հարուստ լինելու համար, սակայն այն պարունակում է նաև հոգեբանական ակտիվ բաղադրիչներ, որոնք, ինչպես բացահայտվել է 8 տարբեր հետազոտությունների արդյունքում, ազդում են տրամադրության վրա: Այն, սովորաբար, դրական ազդեցություն է ունենում և օգնում է լավ տրամադրություն ձեռք բերել