5 ՀԱԶԱՐԻՑ ԱՎԵԼԻ ԱՆՁ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասել է Առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում: «Այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ: Ըստ էության, Հայաստանում գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենօրյա թվերի որոշակի նվազում ունենք»,- ասել է Փաշինյանը:

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանն առաջին օրերից պատվով է դիմակայել համավարակին: «Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի, եւ մեր նպատակը պետք է լինի պատվաստումների լայնածավալ իրականացումը: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա առաջին հերթին, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաեւ տնտեսական եւ քաղաքակրթական բաղադրիչը: Մենք կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել: Նաեւ ուզում եմ ընդգծել, որ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այսօր Հայաստանում մենք պատրաստել ենք, այսպես ասած, կանաչ անձրագրերի էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի մեր քաղաքացիները իրենց հեռախոսների վրա ունենան իրենց պատվաստումը հաստատող տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն կտա ճամփորդել սահմանափակումների առկայության պայմաններում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ, մյուս կողմից, շատ կարեւոր է ՀՀ եկողների բնականոն եւ հարաճուն հոսքերն ապահովելը: «Կարծում եմ՝ ակնհայտ է, որ աշխարհում հիմա երկրները գնահատվում են ըստ այնմ, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են, համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, առավելեւս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված կան բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ: Նա կարծիք է հայտնել, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած:

Փաշինյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5 հազարից: «Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ դա ամենեւին էլ բավարար ցուցանիշ չէ, եւ մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կկնապատկենք եւ շատ արագ դա պետք է անենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ առողջապահության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձեւավորված շարժական պատվաստումային խումբը տեղակայվել է Հյուսիսային պողոտայում:

«Արդեն իսկ բազմաթիվ քաղաքացիներ դիմել եւ ստացել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստում,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

l 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից,

l պատվաստումներն անվճար են նաեւ օտարերկրյա քաղաքացիների համար,

l պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաեւ շաբաթ եւ կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա եւ գրանցվի՛ր պատվաստման համար»։

Ն.Պ.

 

 

ՀՐԴԵՀ Է ԵՂԵԼ

Երեկ Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվել է անասնագոմ. ներսում եղել են խոշոր եղջերավոր կենդանիներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորաշեն գյուղի 11-րդ փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։10-ին, մարվել՝ 08։50-ին։ Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 9 քմ), ջերմահարվել՝ մոտ 15 քմ ազբոշիֆեր, եւ անկել՝ երկու խոշոր եղջերավոր կենդանի, 15 ճագար եւ 30 հավ։

 

 

493 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 493 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 217900 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1000909, վերջին մեկ օրում` 3954 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11134 պացիենտ. մեկ օրում ավելացել է 28-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 201559 անձ, վերջին մեկ օրում՝ 452 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 4178 է:

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Մայիսի 5-ին տեղական ժամանակով ժամը 09:56-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:56-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.89? եւ արեւելյան երկայնության 44.98? աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Ելփին գյուղից 14 կմ հյուսիս-արեւմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արարատի մարզի Զանգակատուն, Տիգրանաշեն, Պարույր եւկ գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ:

 

 

ԻՐԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ 

Իրանը մայիսի 5-ին հայտարարել Է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ «Ֆախրա» սեփական պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, որն անվանվել Է անցյալ տարի զոհված իրանցի ատոմագետ ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի պատվին: Պատրաստուկի թեստավորման համար որպես կամավոր հանդես Է եկել գիտնականի որդին: Մարտ ամսին սկսվել են այդ պատրաստուկի կլինիկական փորձարկումները, որը մշակվել Է Իրանի պաշտպանության նախարարությանը կից հետազոտությունների կենտրոնում, որը գլխավորում Էր Ֆախրիզադեն:

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Լենա Նազարյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է չինական ընկերության «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութով: Նազարյանն այս մասին գրել է իր էջում: «Բարեկամնե՛ր, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ»  (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան եւ բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ: Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո»,- գրել է Նազարյանը:

 

 




Լրահոս