Երեկոյան հանդիպում է սպասվում. Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ Վանեցյանի գրասենյակ է գնալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն այսօր կրկին հավաք կա Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության գրասենյակում: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ևս գրասենյակ է գնալու իր կուսակիցների հետ: Տևական ժամանակ է, ինչ Սարգսյանն ինքն է երեկոյան ժամերին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակ գնում, որտեղ երկու կուսակցությունների կարկառուն ներկայացուցիչները ժամերով «փակվում» են` նախընտրական հարցեր քննարկելու համար: Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների` քննարկումները բավականին լարված ու ծանր են անցնում, քանի որ կուսակցության ներկայացուցչները քննարկում են, թե մարզային գրասենյակներում ով է աշխատելու, շտաբներն ովքեր են ղեկավարելու, նախընտրական քարոզարշավը որտեղից է մեկնարկելու ու ամենակարևորը` քարոզարշավին ովքեր են մասնակցելու:

Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, թե դեռևս երկու կուսակցություններից կազմված «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական ցուցակի հարց չի քննարկել, որևէ բան այս պահին հայտնի չի: Մենակ հստակ է մի բան. դաշինքը ղեկավարելու է Արթուր Վանեցյանը: Ի դեպ նշենք, որ Վանեցյանն էլ այս օրերին, իր հերթին է իր թիմի հետ մարզերով շրջում, բնակիչներին հանդիպում, տարբեր մարզերում գրասենյակներ «բացում»: Չի բացառվում, որ այսօր երեկոյան դաշինքն անդրառանա նախընտրական ցուցակին, քանի որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում արդեն երկրորդ անգամ ՀՀ վարչապետ չի ընտրվելու, որով արդեն հստակեցվում է, որ իշխանությունները գնում են ԱԺ արտահերթ ընտրությունների:

Սոնա Գրիգորյան




Լրահոս