Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ին Հայաստան կայցելի։ Այս մասին տեղեկանում ենք այցի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումից։
Փաշինյանի որոշման համաձայն՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարին և ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետին հանձնարարվել է նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին էլ հանձնարարվել է ապահովել Պատվո պահակային վաշտի և Զինվորական նվագախմբի ներկայությունն արարողակարգային միջոցառումների ընթացքում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի: