Freedom House-ի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը նոր հայտարարություն է տարածել եւ իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից գերեվարված և ձերբակալված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնության, այդ թվում` խոշտանգումների մասին ստացված հաղորդագրություններով:
Freedom House-ն Ադրբեջանի իշխանություններին հորդորում է սերտորեն աջակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ջանքերին` հետաքննելու հայ ձերբակալվածների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների վավերականությունը: Նշվում է, որ որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ պետություն՝ Ադրբեջանը պարտավոր է սերտորեն համագործակցել դատարանի հետ և տրամադրել պահանջվող բոլոր տեղեկությունները:
Միևնույն ժամանակ Freedom House-ի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանում գտնվող հայ ձերբակալվածների ճակատագիրը պարզելու համար: Մարտի սկզբին ՄԻԵԴ-ը 188 հոգու համար ընդունել է միջանկյալ միջոցներ, որոնք ուղղված են անհատին պաշտպանելու հետագա ֆիզիկական վնասներից, քանի դեռ քննությունն ընթացքի մեջ է:
Նկատենք՝ պաշտոնական Բաքուն արդեն հայտնել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դեմ քրեական գործերի ավարտի մասին։ Նրանցից յուրաքանչյուրի դեպքում առանձին քրեական գործ է հարուցված: Օրինակ, ըստ ադրբեջանական պաշտոնական մարմինների, լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը «պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց»:
Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72 գերի, իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, այդ թվում՝ Արցախում 2014-ին երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։
Ն.Հ.