ArmLur.am-ը երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ զրուցել է Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների, ելքերի եւ հանգուցալուծման մասին:
«Այստեղ միայն մի հետեւություն կարող ենք անել, որ հակառակորդը, առանց Ռուսաստանի աջակցության, «դաբրոյի», նման բան չէր անի: Ես համարում եմ, որ Ադրբեջանի նման պահվածքը գալիս է հենց այդտեղից, եւ դրան նախորդած նյութերը, որ նայում ենք, Լավրովի այցը, հետո Բաքու գնալը, ես հասկացա, որ ամեն ինչ գծված գնում է՝ ըստ իրենց պլանավորածի: Սրան ուրիշ բացատրություն չկա: Հիմա Հայաստանի համար ստեղծվել է գերբարդ իրավիճակ, եւ այս իրավիճակում Հայաստանն իր բոլոր ուժերով, կապերով պետք է խոչընդոտի, ինչով հնարավոր է՝ դա կլինի քաղաքականության, դիվանագիտության, թե սփյուռքի միջոցով: Եթե մերոնք շարունակեն ոչինչ չանել, հապաղել, սպասել, ապա Հայաստանի Հանրապետությունը կորցնելու վտանգի առաջ կկանգնենք: Սանձարձակ թշնամին այսօր պատրաստ է ցանկացած բանի, ցանկացած սցենարի, միայն թե իրականացնի հայերին իսպառ բնաջնջելու սեւ ծրագիրը»,- նշում է ArmLur.am-ի հետ զրույցում Արտավազդ Բայաթյանը:
Դիտարկմանը՝ արդեն երկու օր է, ինչ թշնամու հետ մեր զինվորականները բանակցություններ են իրականացնում, բայց ապարդյուն, Բայաթյանը արձագանքեց. «Նրանց ախորժակը բացվել է, քանի որ ինչ ուզեցին, առանց որեւէ նախապայմանի, դժվարության ստացան, հիմա էլ նույն քաղաքականությունն են վարում, եկել մեր սահմաններից ներս են ներթափանցել եւ կանգնել են այնտեղ, որտեղ իրենց ձեռք է տալիս: Հիմա նրանց ոչ մեկ ո՛չ դատապարտում է, ո՛չ ձեռքն է բռնում, այլ, հակառակը, մի բան էլ օժանդակում եւ օգնում են՝ հանձինս Ռուսաստանի եւ Թուրքիայի: Իսկ մեր կառավարությունը գնահատականներ է տալիս ո՛չ ռեալ իրավիճակի եւ ո՛չ էլ ռեալ հակառակորդի մասին: Չեն կարողանում սրիկային ասեն, որ դու սրիկա ես: Իսկապես շատ վտանգավոր իրավիճակում ենք հայտնվել»:
Հիշեցնենք, որ Հայաստանը երեկ պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, սակայն, այս կառույցից զատ, Հայաստանը կարող է դիմել նաեւ Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդին եւ օրինականացի ինքնապաշտպանության իր իրավունքը։ Ադրբեջանի պահվածքն ուժի կիրառման ուղիղ սպառնալիք է, ինչն արգելված է ՄԱԿ կանոնադրության 2-րդ հոդվածով։
Հոդված 2-րդի երրորդ եւ չորրորդ կետերում ասվում է. «Բոլոր անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, այնպես, որ վտանգի չենթարկվեն միջազգային խաղաղությունը, անվտանգությունն ու արդարությունը»:
«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որեւէ այլ ձեւով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
Նշենք, որ Հայաստանը ՄԱԿ-ին դիմել է 2020 թ. պատերազմի ժամանակ, եւ հոկտեմբերի 19-ին կայացել էր Անվտանգության խորհրդի նիստը։ Սակայն ինչպես հայտնել էր Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Անվտանգության խորհրդի մշտական անդամներից մեկը արգելափակել էր բանաձեւը, որը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում եւ միջազգային խաղաղապահների տեղակայում։
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 պետություններից, որոնցից հինգը մշտական անդամներ են եւ ունեն վետոյի իրավունք (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա եւ Ֆրանսիա), իսկ մյուսը տասը՝ ոչ մշտական անդամներ են եւ ընտրվում են երկու տարի ժամկետով: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պատասխանատու է ազգերի միջեւ խաղաղության եւ անվտանգության ապահովման համար: ՄԱԿ-ի անդամ պետությունները պարտավոր են կատարել Անվտանգության խորհրդի որոշումները:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ
«Երաժշտություն՝ հանուն ապագայի» կրթաթոշակառուների՝ Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում կայացած հաշվետու համերգով ավարտվել է մարտին մեկնարկած համերգաշարը։
11-17-տարեկան պատանի կրթաթոշակառուներն են Դավիթ Բոյաջյանը (ջութակ), Ասյա Անիսիմովան (ջութակ), Մարի Հակոբյանը (թավջութակ), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Տիգրան Գասպարյանը (հոբոյ), Դավիթ Տոնոյանը (ֆագոտ), Սաթենիկ Գալստյանը (գալարափող), Միհրան Առաքելյանը (շեփոր), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Գուր Սարգսյանը (դաշնամուր): Նրանք հանրապետության լավագույն երաժշտական կրթօջախների սաներ են:
Երեւանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Ռ. Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կայացած երաժշտական երեկոների ընթացքում հիմնադրամի կրթաթոշակառուները կատարել են Ք. Սեն-Սանսի, Վ. Մոցարտի, Ռ. Ֆարնաբիի, Գ. Ֆարնաբիի, Ժ. Ռամոյի, Հ. Վենյավսկու, Է. Բոցցայի, Է. Լալոյի, Վ. Ուսպենսկու, Ռ. Շումանի, Յո. Հայդնի, Դ. Պոպպերի, Ֆ. Լիստի, Ս. Ռախմանինովի, Ժ. Արբանի, Պ. Սարասատեի, Կ. Դավիդովի, Յո. Ս. Բախի, Կ. Պիվոնկայի, Կ.Նիլսենի, Կ.Վեբերի ստեղծագործությունները:
Համերգների ավարտին կրթաթոշակառուները միասին կատարել են Էդվարդ Միրզոյանի «Վալսը» եւ Արամ Խաչատրյանի «Այշեի պարը» «Գայանե» բալետից՝ կոմպոզիտոր Վահագն Վարդանյանի փոխադրությամբ։
Երեւանի Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով՝ այսպիսի համերգները լավ առիթ են երեխաների համար, որ նրանք եւս մեկ քայլ անեն մասնագիտացման ճանապարհին, հմտանան թիմային աշխատանքում հատկապես պատանի տարիքում: «Վստահեցնում եմ՝ համերգին մասնակցած երեխաներից շատերը հետագայում կդառնան մենակատարներ եւ իրենց տեղը կգտնեն երաժշտության ոլորտում: Այս առումով նպատակային եւ արդարացված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն՝ հանուն ապագայի» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը, որը բացահայտում եւ աջակցում է տաղանդավոր պատանի երաժիշտներին»,- նշում է նա:
ԿՄԻԱՆԱ «ՍՊՈՐՏԻՆԳ»-ԻՆ
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է առաջիկայում միանալ «Սպորտինգ»-ին: Այս մասին գրել է պորտուգալական Cuatro-ն: Ըստ պարբերականի՝ Ռոնալդուն պատրաստ է հրաժարվել 30 միլիոն տարեկան աշխատավարձից նորից Պորտուգալիայում հանդես գալու համար: Ավելի վաղ լուրեր կային, որ Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ներկայիս ակումբից, եթե թիմը մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի: Ռոնալդուն կարող է կրկին վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», կարող է նորից հանդես գալ Պրեմիեր լիգայում, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սկսել է բացահայտ հետաքրքրվել Ռոնալդուի տրանսֆերով: 36-ամյա Ռոնալդուն «Ոսկե գնդակ»-ի 5-ակի դափնեկիր է, 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, բազմաթիվ այլ պարգեւների է արժանացել: «Յուվենտուս»-ի կազմում հանդես է գալիս 2018թ.:
ՈՒԶՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն ուզում է միանալ «Բարսելոնա»-ին: Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Ագուերոն դիմել է «Բարսելոնա»-ին, եւ բանակցություններն ընթացքի մեջ են: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական «Մանչեսթեր սիթի»-ի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից: Ավարտվում է «քաղաքայինների» եւ Ագուերոյի գործող պայմանագրի ժամկետը: Թե որտեղ կշարունակի կարիերան արգենտինացին, դեռեւս հայտնի չէ: «Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է հրաժեշտի երեկույթ կազմակերպել հարձակվողի պատվին:
«ՅՈՒՎԵՆՏՈՒՍ»-ԻՑ ԿՀԵՌԱՆԱ
Թուրինի «Յուվենտուսից» հեռանալու մասին հայտարարած Ջանլուիջի Բուֆոնը կարող է տեղափոխվել Հռոմի «Ռոմա»: La Repubblica-ի համաձայն՝ մայրաքաղաքային թիմը հետաքրքրված է Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահով եւ ցանկանում է նրա օգնությամբ ուժեղացնել այդ խաղային դիրքը: Բուֆոնի ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Ատալանտան»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական «Բարսելոնան» եւս բանակցություններ է սկսել իտալացի դարպասապահի հետ: Օրեր առաջ Բուֆոնը հայտնել էր, որ այս մրցաշրջանի վերջում կհեռանա «Յուվենտուսից»: Իտալացին «Յուվենտուսում» խաղացել է 2001-2018-ը, ինչից հետո տեղափոխվել էր ֆրանսիական ՊՍԺ: 2019-ին նա վերադարձավ իտալական ակումբ, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման եւ բաց թողել 8 գոլ: «Յուվենտուսի» հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել էր, որ մտադիր է կարիերան ավարտել 2023 թվականի ամառվանից ոչ ուշ: