Երեկ փորձել էին իջնել գյուղ, մերոնք հետ էին շպրտել. ինչ իրավիճակ է Խոզնավարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին գյուղում իրավիճակը հանդարտ է, լարվածություն չկա: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի  ղեկավար Վարո Գրիգորյանը:

Նշենք, որ երեկ 30 ադրբեջանցի առաջացել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ:

«Երեկ փորձել էին իջնել գյուղ, մերոնք հետ էին շպրտել, ասել էին՝ սա Ձեր հողն ու ջուրը չի, գնացեք Ձեր սահմաններին կանգնեք, առայժմ հետ են քաշվել, հետո չգիտեմ՝ ինչ կլինի: Երեկ Իշխանասարի կողմից ձորով մտել են, չենք տեսել, հետո մեր հովիվները նկատել են, սկզբից իմացել են, թե մեր տղաներն են, հետո երբ մոտեցել են պարզվել է՝ թշնամին է: Իրանց լակոտից բռնած գալիս ասում են մեր հողեր են, Երեւանն էլ ա մերը: Հիմա բարձունքների վրա հա՛մ մերոնք են կանգնած, հա՛մ իրենք, մերոնցից մի 150 մետր հեռու»,-պատմեց Խոզնավարի գյուղապետը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղից տարհանել են միայն փոքրիկներին՝ ապահովությունից ելնելով:

Մեզ հետ զրույցի վերջում Վարո Գրիգորյանն ավելացրեց, որ գյուղում բնակիչների տրամադրությունը մարտական է, գյուղացիները զբաղված են իրենց առօրյա աշխատանքով եւ ոչ մի խուճապ չկա:

Նշենք, որ շուրջ 400 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի Քաշաթաղի շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Լիդա Եղիազարյան




Լրահոս