Ռուսաստան-Գերմանիա-Ռուսաստան թռիչքների չեղարկումը կապված չէ Բելառուսի օդային տարածքում գերմանական Lufthansa ավիաընկերության չվերթների չեղարկման հետ, գրում է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ կողմերն ուղղակի համաձայնության չեն կարողանում գալ թռիչքների ժամանակացույցի հարցում: Ռուսական «Աէրոֆլոտ» ընկերությունը փորձում է թույլտվություն ստանալ դեպի Գերմանիա ուղևորատար և բեռնատար լրացուցիչ թռիչքներ իրականացնելու համար, սակայն գերմանական կարգավորիչը հրաժարվում է այն տրամադրել: Իր հերթին, ռուսական կողմը թույլտվություն չի տրամադրել Lufthansa-ի թռիչքներին, որոնք պետք է իրականացվեին հունիսի սկզբին:
Այնուամեայնիվ, հունիսի 2-ին կոնֆլիկտը կարգավորվել է: Կողմերը հրապարակավ չեն մեկնաբանել առաջացած տարաձայնությունները: Որոշ մարդկանց կարծիքով՝ անհամաձայնությունը կապված է եղել Բելառուսի օդային տարածքում թռիչքների շուրջ վեճերի հետ, բայց, պարբերականի վստահեցմամբ, այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:
Հիշեցնենք, որ օրերս Աթենք-Վիլնյուս երթուղով թռչող ինքնաթիռը, Բելառուսի տարածքի մեծ մասի վրայով անցնելուց և Լիտվայի հետ սահմանին մոտենալուց հետո փոխել է ընթացքը և շարժվել Մինսկի ուղղությամբ: Մինսկի օդանավակայանից հայտնել էին, որ օդաչուների փոխանցմամբ՝ օդանավը «ականապատված» է եղել, սակայն ստուգումների ընթացքում այդ տեղեկությունը հերքվել է:
Բելառուսական աղբյուրները հայտնում էին, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ է հրաման տվել Մինսկում ընդունել Ryanair ավիաընկերության ինքնաթիռը: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագիր Ռոման Պրոտասևիչը: