Երաշտի նման թաքնված գլոբալ խնդիրը կարող է վերաճել հաջորդ համաճարակի, եթե երկրները շտապ քայլեր չձեռնարկեն կլիմայի արտակարգ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ առնվազն մեկուկես միլիարդ մարդ արդեն տուժել է երաշտից 21-րդ դարում, իսկ տնտեսական վնասը գնահատվում է 124 միլիարդ դոլար: Փորձագետների կարծիքով՝ կորուստների ճշգրիտ չափը բազմակի անգամ ավելին է, քանի որ բերված տվյալները չեն արտացոլում զարգացող երկրների կորուստների մեծ մասն այդ բնական երևույթից:
«Երաշտը շուտով կդառնա հաջորդ համաճարակը, և դրա դեմ պատվաստանյութ չկա: Հաջորդ մի քանի տարիներին աշխարհի մեծ մասը կապրի ջրի սակավության պայմաններում, և պահանջարկը կգերազանցի առաջարկը»,- ասել է ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման ծառայության հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միձուտորին:
Շատերը կարծում են, որ երաշտը ազդում է միայն Աֆրիկայի անապատային շրջանների վրա, բայց այժմ այն տարածված երևույթ է, և դարի վերջում գրեթե բոլոր երկրները դա կզգան այս կամ այն ձևով:
Բնակչության աճը նույնպես նպաստում է այս գործընթացին, ասվում է զեկույցում:
«Մարդիկ 5000 տարի երաշտի պայմաններում են ապրել, բայց հիմա մենք այլ բան ենք տեսնում»,- շեշտել են ՄԱԿ-ից:
Կլիմայի փոփոխության հետևանքով տեղումների փոփոխությունները նշվում են որպես երաշտի հիմնական գործոն, բայց ջրի անարդյունավետ օգտագործումը և ինտենսիվ գյուղատնտեսական գործունեության հետևանքով հողերի դեգրադացումը նույնպես կարևոր դեր են խաղում:
Այս կապակցությամբ Միձուտորին համաշխարհային կառավարություններին կոչ է արել բարեփոխել ջրի արդյունահանման, պահեստավորման և օգտագործման, ինչպես նաև հողի կառավարման եղանակը: