Լուսանկարն արվել է Սեւանա լճում
Սեւանա լճի ափին մաքրություն պահպանելու համար նույնիսկ նման քայլերի են դիմում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ով ունի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք:
Լիլիթ Գալստյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Գալստյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունեցող անձ չհամարվող անդամներից մեկը մահացել է, եւ դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, եւ ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստանալու իրավունք:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ բուհ ընդունվող որ դիմորդներն իրավունք ունեն օգտվել արտոնություններից:
Գայանե Հարությունյան (31 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ դիմորդները կարող են օգտվել՝
1) քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքների) մրցույթից դուրս ընդունվում են՝
ա. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների երեխաները,
բ. ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիները:
2) Վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում անվճար ուսուցման համակարգ են ընդունվում`
ա. 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք եւ մինչեւ 18 տարեկան հաշմանդամ երեխաները,
բ. առանց ծնողական խնամքի մնացած մինչեւ 23 տարեկան երեխաները:
3) Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` երեք տարվա ընթացքում, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում`
ա. անվճար ուսուցմամբ ընդունվում են ընդհանուր մրցույթից դուրս` ըստ մասնագիտությունների Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված տեղերի։ Մրցութային հավասար միավորների դեպքում առավելություն է տրվում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած եւ ծառայության դրական ցուցանիշներ ունեցող դիմորդին,
բ. եթե հայտագրել են միայն վճարովի ուսուցման մասնագիտություն, բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ առանց ընդունելության քննության Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվում միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների հաղթողները, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրները, որոնք ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատասխան մասնագիտությունները: