Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հրապարակեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը:
Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը մերժել է պաշտպանների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը: Այսպիսով, Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ: Նշենք, որ բողոքը քննում էր դատավոր Լուսինե Աբգարյանը։
«Ցավոք, հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման պայմաններում ունեցանք կալանավորման ֆետիշացում։ Բայց որքան էլ ճնշումներ գործադրեն, վստահ եղեք՝ Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ»,- նշեց Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք․ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):