Վրաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով անցել է «կարմիր գոտի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր 100 000 մարդուն ընկնող COVID-19 վարակի դեպքերի հաշվով Վրաստանը «նարնջագույնից» անցել է «կարմիր գոտի»: Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն:

«Մեր երկրում համաճարակաբանական իրավիճակը ծայրաստիճան տագնապալի է, ուստի անհրաժեշտ կլինի որոշակի միջոցներ ձեռնարկել: Այսօր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստում մենք քննարկեցինք որոշ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Առայժմ մենք խորհուրդ ենք տալիս պարտադիր կրել դիմակներ բաց տարածքում մարդաշատ վայրերում», – ասել է Գամկրելիձեն՝ ճեպազրույցի ընթացքում:

Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը չի կարող վերադառնալ սահմանափակումների: Նա բնակչությանը կոչ է արել պատվաստվել:

Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 2616 նոր դեպք, 26 մարդ մահացել է: Հաղորդվում է նաև, որ Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է նորածին երեխա, որը վարակված է եղել COVID-19-ի «հնդկական» շտամով: Ինչպես լրագրողներին հայտնել է կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին, հուլիսի 1-ին երեխան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր Աբխազիայից, սակայն նրան փրկել չի հաջողվել:

Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ հուլիսի 16-ին Թբիլիսիի կլինիկայում կորոնավիրուսային վարակից մեկ այլ մանկիկ է մահացել:




Լրահոս