«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի հարցով իշխանությունը հերթական փորձությանը կենթարկվի։ Օգոստոսի 27-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում նախագահ Վլադիմիր Վարդանյանի խնդրանքով հետաձգվեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ Արցախի հետ կապված նախագիծը։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վարդանյանն առաջարկել էր վերանվանել արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովը և կոչել «Արտաքին հարաբերությունների և Արցախի հարցերի մշտական հանձնաժողով»:
Ուրբաթ օրը հանձնաժողովի արտահերթ նիստում ընդդիմությունը կրկին օրակարգ է բերելու այս նախագիծը, որը, ի դեպ, ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացության համաձայն, Սահմանադրությանը հակասող նորմեր չի պարունակում։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող պատճառաբանել, թե նախագիծը խնդիր ունի Սահմանադրության, օրենսդրության հետ, ու պետք է որոշի՝ ընդունել կամ մերժել ընդդիմության առաջարկը։ Սակայն, ամենայն հավանականությամբ, կմերժեն՝ փաստարկելով, թե Արցախի հարցով հանձնաժողովի ձևավորումը կսրի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները, իսկ հանձնաժողովի ներկայացուցիչները չեն կարողանա արտերկիր մեկնել և տարբեր խորհրդարաններում հյուրընկալվել։
Պաշտոնական Ադրբեջանը տարբեր առիթներով հայտարարել է, որ արգելում է ՀՀ իշխանություններին Արցախ մեկնելը, ընդհանրապես Արցախի հարցը ՀՀ օրակարգ դարձնելը։ Եվ այլ պետություններին էլ այցերի կամ Արցախի ճանաչմանն ուղղված ցանկացած քայլի համար բողոքի նոտաներ է հղում, սև ցուցակներ կազմում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում