Արդեն մի քանի օր է՝ համացանցում, ինչպես նաեւ մասնագետների կողմից մեծ քննարկումների եւ դժգոհությունների ալիք է բարձրացել սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում հարսանիք կազմակերպելու եւ տեւական ժամանակով տաճարի մուտքը մարդկանց եւ զբոսաշրջիկների համար փակելու շուրջ:
Հատկապես մարդկանց զայրացրել էր այն հանգամանքը, որ հարսանիքի խնջույքին հնչել էր «ռաբիս» երաժշտություն:
ArmLur.am-ը պատմամշակութային արգելոց-թանգարանում աղմուկ բարձրացրած հարսանիքի շուրջ զրուցել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ:
«Ես չեմ ուզում հիմա մեկնաբանել, քանի որ խնդիրներ կան նաեւ պետական այլ կառույցների արված հայտարարարությունների հետ, որոնց պետք է կետ առ կետ պատասխանել եւ անդրադառնալ»,- հակիրճ մեզ հետ զրույցում նշեց Արա Թարվերդյանը՝ հավելելով, որ կլինի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից նաեւ պաշտոնական հայտարարություն:
Իսկ, ահա, Պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության նախկին պետ Արմեն Աբրոյանը անընդունելի համարեց նման երկար ժամանակով տաճարի մուտքի փակումը:
«Որպես ոլորտի մասնագետ՝ կարող եմ ասել, որ անթույլատրելի չէ ինչ-որ բան կազմակերպելը, պարզապես պետք է նման երկարաժամկետ չփակվեր: Պետք է լինեն թույլատրելի սահմաններում, շատ չափված, եւ պատշած իրազեկեն քաղաքացիներին եւ տուրիստական գործակալություններին: Բացառիկ ուշադրություն պետք է հրավիրեն տաճարի նկատմամբ»,-ասաց նա:
Նշենք, որ «Գառնի» արգելոց-թանագարանի տնօրենությունը սեպտեմբերի 3-ին այդ մասին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում. «Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ից մինչեւ 22։00-ն, նախանշված միջոցառման պատճառով «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը փակ կլինի։
Իսկ, ահա, երեկ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում սեպտեմբերի 4-ին աղմուկ բարձրացրած հարսանեկան միջոցառման վերաբերյալ արձագանքել եւ պարզաբանմամբ էր հանդես եկել նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ՊՈԱԿ-ը։
Պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.
«Տարածվել է նաեւ շատ վատ որակի մի տեսագրություն` «ռաբիս» երաժշտությամբ, որն իբրեւ հնչել է միջոցառման ժամանակ։
Տեղեկացնում ենք, որ ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն։ Ինչ վերաբերում է «ռաբիս» երաժշտությանը, ապա միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» եւ «Ծիրանի» բենդ խմբերի կատարումները։ Վերոնշյալ «ռաբիս» երաժշտությունը հարակից տարածքի որեւէ օբյեկտից հնչող կատարում է եղել։ Առավել մանրամասն պարզաբանմամբ ՊՈԱԿ-ը հանդես կգա առաջիկայում»։
Հավելենք, որ, ի հակադրություն նախարարության, Գառնիի համայնքապետարանը տեղյակ է եղել Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին եւ դեմ է արտահայտվել։
Համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է օգոստոսի 19-ով թվագրվող նամակ՝ ուղղված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին։
«Գառնիի համայնքապետարանը, տեղյակ լինելով Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սեպտեմբերի 4-ին կայանալիք միջոցառման մասին, դեմ է արտահայտվել եւ գրությամբ տեղեկացրել է այդ մասին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանին, որին Գառնիի համայնքապետարանը ի պատասխան գրություն չի ստացել:
Գառնիի համայնքապետարանը, համայնքի ավագանին եւ բնակիչները դեմ են նմանատիպ միջոցառումների անցկացմանը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում եւ մուտքի փակմանը»,- ասված է հայտարարությունում։
Այսպիսով, եթե այս տեմպերով շարունակվի, եւ ԿԳՄՍ-ն համապատասխան քայլեր չձեռնարկի, ապա շատ շուտով մեր բոլոր պատմամշակութային վայրերը կվերածվեն հարսանիքների խնջույքների կազմակերպման վայրերի, ինչը պարզապես անթույլատրելի պետք է լինի, եւ բոլոր մեխանիզմները պետք է կիրառվեն՝ նման միջոցառումները արգելելու պատմամշակութային վայրերում:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՉԵՆ ՕԳՆԻ
Ֆուտբոլի Բելգիայի մարզչական շտաբը մի քանի ֆուտբոլիստների թույլ է տվել վերադառնալ ակումբներ եւ չմասնակցել Բելառուսի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը, որը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։ Այդ ֆուտբոլիստների թվում են նաեւ Ռոմելու Լուկակուն, Տիբո Կուրտուան, Յան Վերտոնգենը եւ Տոմա Մենյեն. հաղորդում է Բելգիայի հավաքականի մամուլի ծառայությունը։ 5-րդ տուրում Բելգիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին 3։0 հաշվով պարտության մատնեց Չեխիայի հավաքականին եւ E խմբի առաջատարն է՝ 13 միավոր։ Չեխիան ունի 7 միավոր։
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է լավագույն ֆուտբոլիստին, որի դեմ երբեւէ խաղացել է։ Այդ մասին պատմել է հայտնի բրիտանացի լրագրող եւ հաղորդավար Պիրս Մորգանը, որը Թուրինում զրուցել է ֆուտբոլիստի հետ, երբ նա եղել է «Յուվենտուսի» խաղացող։ «Մենք Թուրինում կեսգիշերից հետո Ռոնալդուի ամենասիրելի ռեստորանում էինք։ Ես Կրիշտիանուին հարցրեցի, թե ով է մեծագույն ֆուտբոլիստը, որի դեմ նա երբեւէ խաղացել է։ Նա հստակ պատասխանեց՝ Մեսի, սակայն ավելացրեց, որ հարցը սխալ է։ Պետք էր հարցնել, թե ով է լավագույն ֆուտբոլիստը։ Ռոնալդուն նկատի ուներ ինքն իրեն։ Ես համաձայն եմ, որ նա է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ»,- գրել է Մորգանը իր սյունակում Daily Mail-ի համար։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփած գոլերի քանակը հասցրել է 111-ի՝ դառնալով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ազգային թիմերում խփած գոլերի քանակով։
ԱՎԵԼԻ ԵՆ ԾԱԽՍԵԼ
CIES Football Observatory հետազոտական կենտրոնը հաշվել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) ակումբների ընթացիկ կազմերի վրա ծախսած գումարները։ Այս կազմը հավաքելու համար ամենաշատը վճարել է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը ծախսել է 1.08 միլիիարդ եվրո։ Երկրորդ տեղում է «Մանչեսթեր Յունայթեդը» (1,023 միլիարդ եվրո), իսկ լավագույն եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ն (939 միլիոն եվրո): Տասնյակում տեղ են գտել նաեւ Մադրիդի «Ռեալը», Չեմպիոնների լիգայի հաղթող անգլիական «Չելսին», «Լիվերպուլը», «Արսենալը», «Տոտենհեմը», կատալոնական «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը», իսկ Մյունխենի «Բավարիան» 13-րդն է:
«7 ԵՐԳ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԵՐԳ
Երեւանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ մեծ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին։ Երեկոն տեղի ունեցավ Ռուսաստանի մայրաքաղաքի 874-ամյակի միջոցառումների շրջանակում:
«7 երգ՝ Մոսկվայի մասին» համերգում հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։
Հնչեցին հանրաճանաչ կոմպոզիտորի՝ Մոսկվայի մասին, նաեւ այլ թեմաներով գրված ստեղծագործություններ:
«Առնո Բաբաջանյանը Մոսկվային նվիրված բազմաթիվ ստեղծագործությունների միջոցով իր սերն էր արտահայտում Ռուսաստանի մայրաքաղաքի նկատմամբ։ Կատարումներ, որոնք ապրում են մինչեւ օրս եւ փոխանցվում սերունդներին», -ասաց «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարեցին Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարներ Ջուլիաննա Գրիգորյանը, Տիգրան Մելքոնյանը, Տիգրան Հակոբյանը, Բելլա Ամարյանը, Նավասարդ Հակոբյանը, Լուսինե Մակարյանը եւ այլ տաղանդավոր արտիստներ։ Համերգի հատուկ հյուրը ՌԴ-ից երգիչ եւ կոմպոզիտոր Նիկոլայ Ռյաբուխան էր։
Արթուր Աղաջանովն ելույթից հետո հուզիչ անակնկալ մատուցեց հանդիսատեսին եւ իր սիրելիին։ Բաբաջանյանի «Գեղեցկության թագուհի» երգը կատարելուց հետո երգիչը հրապարակավ ամուսնության առաջարկություն արեց ընկերուհուն, որը պատասխանեց՝ այո։