Սահմանադրական դատարանը այսօր գրավոր ընթացակարգով կքննի Հանրապետության վեց համայնքների նախկին եւ գործող ղեկավարների դիմումների վերաբերյալ միասնական գործը, որի շրջանակներում վիճարկվում է գործադիր իշխանության կողմից տեղական ինքնակառավարմանը միջամտող օրենքների դրույթների սահմանադրականությունը. այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից։
Դիլիջանի նախկին համայնքապետ Արմեն Սանթրոսյանը, Թումանյանի նախկին համայնքապետ Լեւոն Զավարյանը, Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավար Արման Ղազարյանը, Տաշիր համայնքի գործող ղեկավար Էդգար Արշակյանը, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը եւ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանը Սահմանադրական դատարանում վիճարկում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1 կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը) եւ 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի անցումային եւ եզրափակիչ դրույթների` 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու դեպքում համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունները մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը) սահմանադրականությունը։
Այս գործով վերջին դիմումը ՍԴ է ներկայացրել Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, որի լիազորությունների ժամկետն ավարտվել էր այս տարվա հուլիսին։ Գեղարքունիքի մարզետի հուլիսի 27-ի որոշմամբ՝ Զոլաքար համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչ Մխիթար Մկրտչյանը։
Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարն ու ավագանին ընտրվում են համայնքների կողմից, մինչդեռ նախորդ տարի փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում եւ ամրագրվել, որ 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաեւ բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ավագանին է ընտրելու համայնքի ղեկավար, ոչ թե բնակիչները։ Հիշյալ օրենքի անցումային դրույթներով էլ ամրագրված է, թե ինչ է լինելու գործող ավագանիների եւ համայնքապետերի հետ։ Ըստ այդմ՝ այն համայնքներում, որտեղ մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը եւ ավագանին ընտրվել են նախկին՝ մեծամասնական ընտրակարգով, եւ եթե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչեւ ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը: Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին էլ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, նշանակում է վարչապետը կամ մարզպետը։ Բարձր դատարանին դիմած համայնքապետերի կարծիքով՝ այսպիսով գործադիր իշխանությունը միջամտում է տեղական ինքնակառավարմանը, ինչը հակասում է Սահմանադրությանը։
Նշենք, որ միավորված գործով, որպես պատասխանող կողմ, դատավարությանը ներգրավվել է վիճարկվող օրենքներն ընդունած մարմինը` Ազգային ժողովը։ Միավորված գործով զեկուցողն է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը:
Ն. Պ.
ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎԸ ՊԱԿԱՍԵԼ Է
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան ժամանել է ավելի քիչ թվով զբոսաշրջիկ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ կորոնավիրուս վարակի պատճառով ճանապարհները փակ էին: ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 6 ամիսներին Հայաստան ժամանել է 239 հազար 263 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել է 307 հազար 590: Այս ոլորտում արձանագրված անկումը կազմել է 22.2 տոկոս: Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ Հայաստան ժամանած 239 հազար 263 զբոսաշրջիկից 82 հազար 392-ը տեղավորվել է հյուրանոցային տնտեսություններում, իսկ 156 հազար 871-ը՝ բարեկամի տանը կամ վարձու բնակարաններում:
Ի դեպ, Հայաստանից մեկնողների թիվն էլ է պակասել. օրինակ՝ եթե նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հանրապետությունից մեկնել է 274 հազար 435 զբոսաշրջիկ, ապա այս տարվա առաջին կիսամյակում նրանց թիվը կազմել է 115 հազար 546: Այս ցուցանիշը 58.4 տոկոսով նվազել է: Որոշ մասնագետներ համոզված են, որ ցուցանիշի նվազումը պայմանավորված է հետպատերազմական վիճակով:
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳՈՒՄԱՐ ԵՆ ԳԱՆՁՈՒՄ
Ադրբեջանցիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրանական բեռնատարի վարորդից գանձել են մոտ 130 ԱՄՆ դոլար: Բանն այն է, որ ՀՀ ԱԱԾ տարածած հայտարարության համաձայն՝ երեկ՝ կեսօրից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Իսկ հայտարարությունից առաջ պարզ էր դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նամակներ էր ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը եւ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը` նշելով, թե այլ երկրներին պատկանող տրանսպորտային միջոցներ անօրինական անցնում են «Ադրբեջանի տարածքով, որտեղ ժամանակավորապես տեղակայված է խաղաղապահ զորախումբը»: Եվ, ահա, այս հայտարարություններից հետո պարզ է դառնում, որ նրանք նաեւ գումար են պահանջում բեռների փոխադրման համար:
ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է
«Պատկերացնո՞ւմ եք՝ եթե հիմա Առուշ Առուշանյանը լիներ իր քաղաքում՝ Գորիսում, ինչ էր կատարվելու. դրա համար էլ Առուշանյանի կալանավորման ժամկետը երկարացրեցին»,- հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե Սյունիքի համայնքապետերը շարունակում են մնալ կալանավորված, եւ շատերը նրանց կալանավորումը կապում էին հենց այն վիճակով, որ պետք է առաջանար Սյունիքում: Ինչ վերաբերում է Գորիսի 12 բնակիչներին Փաշինյանի մեքենայի ուղղությամբ ձվեր նետելու եւ Մեղրիից 20 բնակչներին «սյունյանց ողջյունի» համար մեղադրանք առաջադրելուն, Վահե Հակոբյանը նշել է, որ շարունակվում է երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մանր վրեժխնդրությունը. «Մինչեւ ո՞ւր է սենց գնալու… Եթե մտածում է՝ ցմահ նստելու է այդ աթոռին, չարաչար սխալվում է»: Նա հայտարարել է, որ Առուշ Առուշանյանը մասնակցելու է Գորիսի քաղաքապետի ընտրություններին «Առուշանյան» դաշինքով: «Մենք չենք խուսափում նոր թիրախավորումներից: Մեր խնդիրն է այս ապաշնորհ իշխանություններից ազատվելը ցանկացած ճանապարհով»,-ասել է Վահե Հակոբյանը՝ հավելելով, որ դրան հասնելու են ցանկացած ճանապարհով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ
Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը նպատակ է դրել ամեն գնով հաղթանակ տանել Գյումրիի եւ Դիլիջանի համայնքապետի ընտրություններում: Ըստ մեր տեղեկությունների՝ ընտրությունների ողջ պրոցեսը վստահվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին: Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ Պապիկյանը, կարելի է ասել, այս պահին լծված է համայնքապետերի ընտրությունների գործին. տարբեր մարդկանց հետ է հանդիպում, ճշտումներ անում, թե ովքեր են մարզերում իրենց սատարում, ովքեր կաշխատեն ընտրությունների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Ու արդեն հանգստյան օրերին իշխանական թեւը մեկնել է Գյումրի եւ Դիլիջան, որտեղ տարածքային կառույցներ են ստեղծել, անդամներ են ընտրել: Մենք տեղեկացանք, որ Գյումրիում ընտրական պրոցեսի կազմակերպչական հարցերով անձամբ պետք է զբաղվի ՀՀ արտակարգ իրավիճակների գյումրեցի փոխնախարար նշանակված Կարեն Սարուխանյանը: Ի դեպ, նշենք, որ ընտրությունների պրոցեսին լծված են նաեւ իշխանության կարկառուն ներկայացուցիչներ Ռոմանոս Պետրոսյանը, ՔՊ-ական պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, ինչպես նաեւ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով խոստացել է հոկտեմբերի 17-ին կայանալիք մի շարք համայնքապետերի ընտրություններում օգնել իշխանությանը: