Ժաննա Անդրեասյանը 2020 թվականի մարտի 5-ից կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ է, բայց արդեն հասցրել է առանձնանալ իր կոպիտ պահվածքով։
Կհիշեք՝ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախրոդ տարվա օգոստոսին վիճել էր Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի հետ: Ինչից հետո Ջազ քոլեջի տնօրենը նախաինֆարկտային վիճակում հայտնվել էր հիվանդանոցում։
Հիմա էլ փոխնախարարը սկսել է նեղացնել ուսուցիչներին։ ArmLur.am-ին են դիմել բազմաթիվ ուսուցիչներ, որոնց խիստ զայրացրել է փոխնախարարի ֆեյսբուքյան գրառումը։
Իսկ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ և այսօր կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների համար կազմակերպվել էին առարկայական գիտելիքի ստուգման օրեր։ Երեկ բնագիտական առարկաներն էին, այսօր՝ հայոց լեզուն։
․․․ Նաև ուզում եմ նշել, որ այս ընթացքում հրաշալի ուսուցիչների եմ հանդիպել, որոնց տեսնելով մտածում եմ, որ մեր երեխաների համար բարեբախտություն է նման մարդկանց հետ շփվելը, նրանցից սովորելը։
Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ։ Այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում, նաև որպես ծնող և քաղաքացի։ Խոսքը, ընդ որում, այս պահին առարկայական գիտելիքի մասին չէ, այլ վարվելակերպի և վարքականոնի։ Շատ կարևոր է, որ ամենքս մեր տեղում անհանդուրժող լինենք այդ որակի վարվելակերպի հանդեպ»։
Թե կոնկրետ ինչի մասին է խոսքը, Ժաննա Անդրեասյանը չի մանրամասնել, բայց փոխնախարարի այս անկեղծությունը դժգոհության մեծ ալիք է առաջացրել ուսուցչական լայն շրջանակի մոտ։ Ասել է թե՝ ուսուցիչները խորը վիրավորված են ԿԳՄՍ փոխնախարարից։ Շատերը հեռակա կարգով փոխնախարարին հորդորում են էթիկայի եւ վարքուկանոնի դասեր տալուց առաջ նախ ինքն իր վարքուկանոնին հետեւի։
Ս․Հ․