ԳՈՒՆԱԳԵՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետւթյան անկախության 30-ամյակի առիթով կազմակերպված միջոցառումից երկու շաբաթ անց (որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «գունագեղ» անվանումն էր տվել) կորոնավիրուսի տարածման թվերը կտրուկ սկսեցին աճել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ առողջապահության նախարարությանը հարցում էր ուղարկել՝ ճշտելու, թե նախարարության մասնագետներն ու գերատեսչություններն արդյոք տեղեկացրել են կառավարությանն ու վարչապետին, որ բացօթյա միջոցառման կազմակերպումը կարող է նպաստել վարակի տարածմանն ու թվերի ահագնացմանը: Ի պատասխան մեր հարցմանը՝ նախարարությունից պատասխանել են, որ համարակի թվերի աճ ոչ թե սեպտեմբերի 21-ից երկու շաբաթ անց՝ հոկտեմբերի սկզբին, այլ սեպտեմբերի մեկից հետո է գրանցվել, երբ ուսումնական հաստատություններում սկսվել են դասերը: Կառավարությանը հորդորելու ու միջոցառման ժամանակ պատշաճ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ նախարարությունը լղոզված պատասխան է տվել՝ ընդգծելով՝ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուն ոչ թե իրենք, այլ ուժային կառույցներն են: Ստացվում է՝ Առողջապահության նախարարությունը խոստովանում է, որ վիրուսի տարածման աճ դեռեւս սեպտեմբերին են նկատել, բայց, ի դեմս նախարար Անահիտ Ավանեսյանի, ռիսկ չեն արել դիմել կառավարության վերին էշելոնի ներկայացուցիչներին՝ հորդորելով հրաժարվել տարատեսակ միջոցառումներից, որոնք կարող են նպաստել վիրուսի տարածմանը: Եւ այսօր երկրում ունենք վարակի տարածման ահագնացող տեմպեր, եւ մինչ օրս 5.700 մահ է արձանագրել նախարարությունը:  Պարզվում է՝ այս թիվը չի ներառում տանը մահացած քաղաքացիների դեպքերը: Եթե դրան գումարենք 650-700 մահացածներին մինչ օրս, ապա պատկերն առավել սահմռկեցուցիչ է դառնում:

 

 

 

 

Այսօր խորհրդարանում տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ կհաստատվի հոկտեմբերի 25-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգը: Առաջին հարցը, որը հաստատվելու է, Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին նախագիծն է, որը պետք է քննարկվի նաեւ հանձնաժողովների նիստերում: ԱԺ խորհուրդը պետք է հավանության արժանացնի նաեւ կառավարության կողմից ներկայացված «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: Ըստ այդ փոփոխության՝ սահմանվում է, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Ընդհանուր առմամբ, այս նստաշրջանում լինելու է 14 հարց: Բացի օրակարգը հաստատելուց, ԱԺ խորհուրդը հաստատելու է նաեւ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործունեության կոմիտեում (տասը անդամներից չորսը՝ ընդդիմադիր), Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ԽՎ-ում (վեց անդամներից երկուսը՝ ընդդիմադիր ), Միջխորհրդարանական միությունում (ութից երեքը՝ ընդդիմադիր), Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում (հինգից մեկը՝ ընդդիմադիր) եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում  (տասից երեքը՝ ընդդիմադիր) ՀՀ ԱԺ-ի պատվիրակության կազմերը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղափոխությունից հետո նախկին պաշտոնյաների կամ նրանց մտերիմների նկատմամբ հարուցված քրեական գործերով նախաքննական մարմիններում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, եւ վերջիններս կանգնել են խնդրի առջեւ:  ArmLur.am-ը երեկ գրել էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի դեմ քրեական գործով Սեյրան Օհանյանին հրավիրել են ՀՔԾ եւ առաջարկ արել կարճել իր նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ պետք է ոչ թե կարճել, այլ արդարացնել իրեն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վերջինիս պաշտպան Կարեն Մեջլումյանը հաստատեց այս տեղեկությունը: Ի դեպ, սա միակ դեպքը չէ. մի շարք այլ նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով  քննիչները կանչում են նրանց՝  առաջարկելով կարճել, ինչին  էլ դեմ են լինում մարդիկ՝ պահանջելով արադարացում: Այս ամենի արդյունքում քրեական գործերը ո՛չ կարճվում են, ո՛չ էլ մեղադրյալներն են արդարացվում, ու քրեական գործերի ճակատագրերը մնում են օդից կախված:

 

 

 

Եթե Երեւանում եւ մարզային քաղաքներում մարդկանց համար ձմռանը տաքանալու հիմնական միջոցը գազը կամ էլեկտրաէներգիան է, ապա շատ գյուղերում գոմաղբն ու փայտն են: Հայաստանում գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները բարձր են, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է ձմռան ամիսներին բնակարանները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ փնտրել: Խոսքը ոչ միայն փայտի, այլեւ գոմաղբի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ հարցման արդյունքում պարզեց, որ փայտի մեկ խորանարդ մետրի արժեքը սկսում է 35000 դրամից եւ հասնում մինչեւ 40000 դրամի: Ավելին, փայտավաճառներն ասում են, որ առաջիկա ամիսներին փայտի գինն է՛լ ավելի կբարձրանա, որովհետեւ փայտ չկա, եւ «անտառից չեն կարողանում հանել»: 21-րդ դարում շատ գյուղերում ունենալով գազաֆիկացման հսկայական ցանց՝ մարդիկ մնում են գոմաղբի հույսին: Այս տարի հատկապես գյուղերի բնակչության մեծ մասը, եթե ոչ բոլորը, նորից անցնելու են գոմաղբ վառելուն: Ասել է թե՝ հեռավոր մարզերում քիչ չեն գյուղերը, որտեղ առհասարակ նահանջ է քաղաքակրթությունից. մարդիկ նորից գոմաղբ են վառելու, ինչն ավելի էժան է:«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ բեռնատար գոմաղբն այսօր Արագածոտնի գյուղերում արժե 70-75 հազար դրամ: Կան գյուղացիներ, որոնք մեկ պարկ մանրացանն առաջարկում են 600 դրամով: Ընդ որում, խոսքը գազաֆիկացված բնակավայրերի մասին է, որտեղ, փաստորեն, գազ են օգտագործում միայն գյուղական հարուստները` մի քանի ընտանիք, իսկ մնացած բնակիչների համար գազը շքեղություն է, որը նրանք այլեւս չեն կարող իրենց թույլ տալ, միգուցե միայն՝ սուրճ պատրաստելու համար:

 

 




Լրահոս