Կոմբինատը ռուսներն են կառավարում. փոփոխություններ կլինեն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն է նշանակվել ազգությամբ ռուս Ալեքսանդր Ֆիշմանը: Կոմբինատի մեր աղբյուրների տեղեկացմամբ, նրա նշանակման օրվանից, կարելի է ասել, ռուսներն են կառավարում կոմբինատը, չնայած այն փաստին, որ գլխավոր տնօրենը հնդիկ է: Օրերս կոմբինատ այցելած փոխվարչապետ Սուրեն Պապիկյանին էլ Ֆիշմանն է դիմավորել, ուղեկցել, առանձնազրույց ունեցել նրա հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր է դարձել ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն, որի «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությանն են պատկանում նաեւ Սոթքի ոսկու հանքավայրն ու Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նա նվիրաբերեց ՀՀ կառավարությանը:

Ուշագրավ է, որ Սուրեն Պապիկյանին կոմբինատ ուղեկցած Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին կոմբինատի ղեկավարությունը չի ճանաչել, մինչդեռ մեզ ասացին, որ նախկինում բոլոր մարզպետները սերտ շփումների մեջ են եղել կոմբինատի ղեկավարության հետ, եւ այդ շփումները մարզային խնդիրների լուծմանն են նպաստել: Հնդիկ տնօրենը հրապարակավ հետաքրքրվել է, թե ով է Մելիքսեթյանը եւ կառավարության պաշտոնյաներից է տեղեկացել, որ մարզպետն է:

Ի դեպ, Պապիկյանի՝ Կապան կատարած այցի ողջ ընթացքում քաղաքում ոստիկանական մեքենաների շքերթ է նկատվել, իսկ «Քաղպայմանագրի» գրասենյակում անցկացրած ժամանակ ոստիկաններն ուղղակի պաշարած են եղել շենքը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս