Տերյան 71 հասցեի բնակիչներն արդեն տաս օր է, ինչ խմելու ջուր չունեն, բնակիչների պատմելով, չեն կարողանում օգտվել անգամ զուգարանից: Պատճառը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն է: Բակի մի քանի տասնյակ տարվա ցայտաղբյուրը տաս օր առաջ է ցամաքել:
Երկու շաբաթից ավելի է՝ մարդկանց խմելու ջրի հարցը չի լուծվում. Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից բնակիչներին հայտնում են, որ իրենք չեն հարցի պատասխանատուն, այլ «Վեոլիա ջուր»-ն է: Իսկ «Վեոլիա ջուր» ընկերությունից հրաժարվում են հարցը լուծել:
Տերյան 71 հասցեից մի քանի քայլ հեռու Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նստավայրն է, ArmLur.am-ը եղավ այնտեղ եւ փորձեց բնակիչների խնդիրը փոխանցել կոմունալ բաժնի աշխատակիցներին: Սակայն կոմունալ բաժնից ոչ ոք չբարեհաճեց մեզ հետ հանդիպել: Ընդունարանում ոտքի վրա մեզ հետ խոսեց աշխատակազմի քարտուղար Ենոք Անդրեասյանը, որը մի քանի զանգեր կատարելուց հետո փոխանցեց, որ օրվա ընթացքում կոմունալ բաժնի աշխատակիցները կհանդիպեն բնակիչների հետ:
Ավելի ուշ ArmLur.am-ին Տերյան 71 հասցեի բնակիչները փոխանցեցին, որ թաղապետարանի աշխատողները հանդիպել են իրենց հետ եւ խորհուրդ տվել՝ ջուր քաշել, ջրաչափ տեղադրել եւ խմելու ջրի համար վճարել: Ընդ որում՝ բնակիչները պետք է խմելու ջուրն իրենց բնակարաններ հասցնեն սեփական միջոցներով: Բայց այս օրերին նրանցից ոչ ոք լրացուցիչ գումար չունի:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան