Արեւելյան Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի հարցերի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Քրիթենբրինքը Տոկիոյում հանդիպում է անցկացրել Ճապոնիայի ԱԳ նախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի ղեկավար Կեյիտի Իտիկավայի հետ: Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը ստացել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Սա Քրիթենբրինքի առաջին այցն է Ճապոնիա՝ սեպտեմբերին այդ պաշտոնում նշանակվելուց հետո:
Կողմերը քննարկել են հարցերի լայն շրջանակ, ներառյալ ճապոնա-ամերիկյան համագործակցությունը երկու երկրների դաշնակցային հարաբերությունների ամրապնդման նպատակով, եւ «ազատ ու բաց Հնդկա-Խաղաօվկիանոսյան տարածաշրջանի» սկզբունքի իրականացման հարցերը»:
Քրիթենբրինքը Ճապոնիայում կմնա մինչեւ նոյեմբերի 10-ը, այնուհետեւ կուղեւորվի Սեուլ: Ինչպես սպասվում է, Ճապոնիայում նա մի շարք հանդիպումներ կանցկացնի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի հարցեր, որոնք կապված են տարածաշրջանում Չինաստանի դերի ուժեղացման, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային արձակումների հետ:
Բացի այդ, բանակցությունների օրակարգում կլինի նաեւ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ որպես նախարարների կաբինետի ղեկավար առաջին այցը ԱՄՆ, որը նշանակված է նոյեմբերին, ինչպես նաեւ 2+2 ձեւաչափով բանակցություններին նախապատրաստվելը: