Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի բնակիչներին և այն ապրող տեղահանված անձանց: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Հաղորդվում է, որ հումանիտար ակցիան խաղաղապահներն իրականացրել են գյուղի վարչական շենքում: Բնակիչներին մոտ մեկ տոննա հումանիտար ապրանքներ են փոխանցել, այդ թվում՝ մանկական և մեծահասակների կոշիկներ, հագուստ և կենցաղային պարագաներ, ինչպես նաև դպրոցական փաթեթներ 1-5-րդ դասարանի 40 աշակերտի համար:
Ակցիայի շրջանակում օգնություն է հատկացվել Խնածախի ավելի քան 800 բնակչի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։