«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մեղրի համայնքի ղեկավարի անակնկալ կալանավորումը լուրջ հարցեր և ներքին տարակարծություններ է առաջացրել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում։
ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ կալանքից առաջ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել են Մեղրի, որոնք ներգրավված են առաջիկա տեղական ընտրությունների կազմակերպչական աշխատանքներում։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ այցի ընթացքում քաղաքական որոշում էր կայացվել, որ Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն պետք է լինի համայնքի գործող ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, քանի որ նրան համայնքում ընդունում են, և ՔՊ-ն այս անգամ չի պարտվի համայնքում։
Սակայն ընդամենը մեկ օր անց իրավիճակը կտրուկ փոխվեց․ Անդրեասյանը կալանավորվեց։ Ավելի ուշ պարզ դարձավ նաև, որ նրա դեմ հաղորդումը ներկայացվել է հենց իշխանական թիմի ներսից։
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում այժմ փորձում են հասկանալ, թե ինչպես երկու նախարարների՝ միաժամանակ կուսակցության վարչության անդամների այցից և ձեռք բերված պայմանավորվածությունից անմիջապես հետո հնարավոր եղավ ամբողջությամբ փոխել Մեղրիի նախընտրական սցենարը։
Իշխանական շրջանակներում շրջանառվող կասկածներից մեկն էլ առնչվում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին։ Կասկածներ կան, որ Անդրեասյանի՝ ընտրապայքարից դուրս մնալը կարող է ճանապարհ բացել մարզպետի նախընտրելի թեկնածուի՝ Սերգեյ Գալստյանի համար։ Ուշագրավ է, սակայն, որ վերջինիս անվան շուրջ ևս տարբեր քրեական վարույթների մասին տեղեկություններ են շրջանառվում։
Ստացվում է պարադոքսալ իրավիճակ․ ՔՊ-ի նախապես նախընտրած թեկնածուն կալանքի տակ է, իսկ նրան հնարավոր փոխարինողի շուրջ ևս իրավական խնդիրների մասին տեղեկություններ կան։
ArmLur.am-ի աղբյուրները նաև պնդում են, որ Անդրեասյանի վերաբերյալ վարույթի բնույթը իշխանական շրջանակներում ի սկզբանե չեն գնահատել որպես անխուսափելի կալանքի հանգեցնող, ինչն էլ ավելի է խորացրել կատարվածի շուրջ հարցերը։
Այս ամենի ֆոնին ՔՊ-ում արդեն զբաղված են Մեղրիի նախընտրական ցուցակի ձևավորմամբ։ Ընդ որում՝ քննարկվում է այնպիսի ցուցակ կազմելու տարբերակ, որտեղ փաստացի Ագարակը համայնքապետի թեկնածու չունենա։
Իրավիճակն առավել ուշագրավ է նրանով, որ Սյունիքում իշխանության ամբողջ քաղաքական ուշադրությունը կենտրոնացել է հենց Մեղրիի վրա, իսկ ստեղծված վիճակն արդեն վերածվել է ոչ միայն նախընտրական, այլև ներհամայնքային խնդրի․ Ագարակը դուրս է մնում ընտրապայքարից։
ArmLur.am-ը փորձեց թեմայի շուրջ մեկնաբանությունների համար զրուցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, սակայն դեռ չստացվեց։
ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում իրավիճակն այնքան է թեժացել, որ Մեղրիի բնակիչները պահանջում են Խաչատուր Անդրեասյանի վերադարձը և պնդում՝ եթե նրան չվերադարձնեն ու համայնքապետի ընտրություններում որպես թեկնածու չառաջադրեն, ապա իրենք բոյկոտելու են ընտրությունները և չեն մասնակցելու քվեարկությանը։






















































































