Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր հայրենակիցների մեծ մասը Ամանորն անցկացնելու է հայաստանյան հյուրանոցներում: ArmLur.am փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց, զանգահարեցինք մի քանի հյուրանոցներ եւ որպես քաղաքացի հետաքրքրվեցինք՝ այս տարի ամանորյա փաթեթներ լինելու են, թե ոչ: Նաեւ հյուրանոցներից հետաքրքրվեցինք, թե որքան արժեն ամանորյա փաթեթները, եւ ինչ ծրագրեր կան: Պարզվեց, որ երաժշտական եւ հումորային համարներ ոչ բոլոր հյուրանոցներում կլինեն, փոխարենը գալա ընթրիքին կհնչի կենդանի երաժշտություն:
Պարզվեց, որ հյուրանոցներ կան, որտեղ ընդհանրապես ազատ տեղ չկա այս պահին, իսկ մյուս հյուրանոցներում ազատ տեղերը մի քանի օրից կսպառվեն: Բացի այս, նախորդ տարվա համեմատ՝ այս տարի հյուրանոցային ծառայությունների սակագները բավականին բարձրացել են:
Օրինակ՝ Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում այս պահին ազատ տեղ չկա, բոլոր համարներն ամրագրված են, ընդամենը մեկ ազատ տեղ կա, այն էլ՝ 4 անձի համար, արժեքն էլ 1 մլն 200 հազար դրամ: Գրեթե բոլոր հյուրանոցների կողմից առաջարկված ամանորյա փաթեթները դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ն է: Այս հյուրանոցում երկու անձի համար նախատեսված համարը 800 հազար դրամ է: Հյուրանոցներում համար ամրագրող քաղաքացիներին հետ չի պահել անգամ կառավարության որոշումը, ըստ որի՝ հունվարի 3-ից աշխատանքային է: «Մարիոթթ Ծաղկաձոր»-ում 2 անձի համար նախատեսված համարը 1 մլն դրամ արժե, փաթեթի մեջ ներառված է գալա ընթրիք:
Ծաղկաձորյան մեկ այլ հյուրանոցում՝ «Կեչառիսում» 2 անձի համար մեկ համար գտնվեց՝ առանց պատշգամբի եւ 700 հազար դրամով, որի մեջ ներառվում է երկանգամյա սնունդ, ամանորյա գալա-ընթրիք: Այս հյուրանոցից մեզ փոխանցեցին, որ առայժմ ազատ սենյակներ ունեն եւ խորհուրդ տվեցին արագ կողմնորոշվել՝ նշելով, որ զանգերը շատ են: Բայց միաժամանակ հայտնեցին, որ ամանորի գիշերը «տաշի-տուշիներ» չեն լինի: Հյուրանոցը բենդ է հրավիրել ամանորի գիշերն անցկացնելու համար: Վայոց ձորի մարզում գտնվող «Գրանդ Ռեզորթ-Ջերմուկ» հյուրանոցում եւս ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից հունվարի 6-ն է, իսկ 2 անձը՝ 1 մլն 170 հազար դրամ է: «Արարատ-Աղվերան» հյուրանոցը 2 անձի համար առաջարկում է համար 410 հազար դրամ, իսկ ամանորյա փաթեթը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ն է:
Նշենք, որ ամանորյա տոների շնորհիվ տնտեսվարողները կկարողանան փոքր-ինչ շնչել, քանի որ նախորդ տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով գրեթե չեն աշխատել, շրջանառություն չեն ունեցել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՎԱԶԵԼ ԵՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
Ի շնորհիվ մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ Հայաստանում նվազում են մանկական եւ երեխաների մահացության ցուցանիշները: Այս մասին նշել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Եվ այսպես, 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10%-ով ավելի ցածր է ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ.-ի միջին ցուցանիշից: Նմանատիպ պատկեր է նաեւ 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Այսպես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8%-ով ցածր է 2020 թվականի եւ 14%-ով՝ նախորդ 4 տարիների միջինի ցուցանիշից: Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի արդյունք են, որոնք համավարակի եւ գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնության եւ սպասարկմանը:
ՇԻՆԾՈՒ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների եւ դատավարությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից: Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու եւ անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» եւ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնեւի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։ Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետեւանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։ Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ. հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու գործընթացներում։ Ընդլայնվել են բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցության իրավունք ունեցող շահառուների շրջանակը եւ դիմելու ժամկետները։ Փոփոխությունների արդյունքում բնակարանի գնման վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաեւ`
1) 18 տարին լրացած մանկատան սաները, ովքեր ՀՀ մանկատանը խնամք եւ դաստիարակություն ստացել են առնվազն 7 տարի (բացառությամբ կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձածների),
2) ՀՀ մանկատների՝ 2021 թվականի շրջանավարտները։
Բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետ է սահմանվել 2022 թվականի դեկտեմբերի 1-ը (2021 թվականի նոյեմբերի 1-ի փոխարեն), իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետ՝ 2022 թվականի հուլիսի 1-ը (2021 թվականի հուլիսի 1-ի փոխարեն): Տեղեկացնում ենք նաեւ, որ շահառուները բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու եւ բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում (մանկատան շրջանավարտների համար՝ վերջին հինգ տարվա ընթացքում օտարած չլինելու դեպքում)։