Որոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանական զիծառայողների անմիջական դիտարկման ներքո է: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է ահազանգում՝ հավելելով, որ բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերականգնման համար միակ ելքը ադրբեջանցիների՝ տարածքից հեռացումն է: Թաթոյանի ահազանգի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության սյունեցի պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ:
-ՄԻՊ-ի պնդմամբ՝ Ճակատենով անցնող այլընտրանքային ճանապարհը վերահսկվում է ադրբեջանցի դիպուկահարների կողմից: Դուք՝ որպես տեղացի պատգամավոր, այդ ճանապարհն ավելի լավ գիտեք, արձանագրումների մասով ի՞նչ կասեք: Որքանո՞վ է իրականությանը մոտ:
-Այդ ճանապարհին այնքան էլ տեղյակ չեմ, քանի որ երկար տարիներ այդ ճանապարհն օգտագործելու անհրաժեշտություն չկար: Այսինքն՝ մարդիկ սովորական ճանապահով գնում-գալիս էին, եւ այդ վատ վիճակում գտնվող ճանապարհը ընդհանրապես օգտագործելու անհրաժեշտություն չկար: Հիմա ստիպված ենք կարգավորել, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կապանում ստրատեգիական նշանակություն ունեցող բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո, այո, նաեւ այդ ճանապարհն է, որ ադրբեջանցիների կողմից դիտարկման տակ է: Հետեւաբար ես ամբողջությամբ կիսում եմ այդ կարծիքը: Դա հստակ փաստ է, եւ չնայած նրան, որ մենք այլընտրանքային ճանապարհ ենք կառուցում, ուրիշ տարբերակով հնարավոր էլ չի կառուցել այդ ճանապարհը: Ցավալիորեն պետք է արձանագրել, որ, այո, այդ ճանապարհը եւս գտնվում է ադրբեջանցիների դիտարկման ներքո:
-Քաղաքացիները իրենց մեքենաներով անցնում են այդ ճանապարհով, ադրբեջանցիները վերեւից տեսնում են, շատ հանգիստ կարող են նշանառության տակ վերցնել, ցանկացած պահին խփել մեքենաներին: Այդպե՞ս է ստացվում:
-Հնարավոր է: Հիմնական ճանապարհը՝ Կապան-Ճակատեն ճանապարհը, գտնվում էր ադրբեջանցիների ոչ միայն դիտարկման, այլ նաեւ վերահսկողության ներքո, եւ այդ ճանապարհն անցնելիս անմիջապես քո կողքին կարող ես տեսնել ադրբեջանցի զինվորի: Հիմա այս ճանապարհը զինվորին շատ մոտ հեռավորության վրա չես տեսնում, բայց արդեն դիտարկման տակ ես լինում:
-Այսինքն՝ մի քանի մետրերի տարբերությո՞ւն է:
-Այստեղ շատ փոքր հեռավորություն չէ, բայց որ նայում ես շուրջ բոլոր բարձունքներին, տեսնում եք, որ իրենք են կանգնած:
-Այս հարցի հետ կապված փորձում ենք խոսել իշխանության ներկայացուցիչների, մասնավորապես՝ մարզպետի հետ, բայց չեն պատասխանում: Առհասարակ մարզպետի հետ կապ հաստատելը անհնարին թվացող մի բան է: Դուք ինչպե՞ս եք հաղորդակցվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է նման գործելաոճով առաջնորդվում:
-Ես դժվարանում եմ պատասխանել, որովհետեւ ցանկացած խնդիր, որը հնչեցվում է, իրենք չեն ուզում դրանց հետ առնչվել: Այսինքն՝ այն խնդիրը, որ այս պահին Մարդու իրավունքների պաշտպանն է բարձրաձայնում, ես տարբեր առիթներով դրա մասին խոսել եմ, իրենց համար սա խնդիր չէ: Ի վերջո, մի՛ մոռացեք, որ վերջիններս խաղաղության դարաշրջան են բացել՝ հաշվի չառնելով, որ խաղաղությունը միակողմանի չի լինում: Այն երկիրը, որի հետ այս իշխանությունը փորձում է խաղաղության գնալ, այդ երկիրը ավելի երկար հեռանկարում պատրաստվում է Սյունիքն ամբողջությամբ գրավել: Հետեւաբար այդ մարդկանց համար մեծագույն խնդիր չէ ադրբեջանցիների կողքով անցնելն ու դիտարկման ներքո գտնվելը: Այս հարցը շարունակում է լինել խիստ էական հարց: Անկեղծ ասած, այդ ճանապահը դեռեւս անցանելի չէ, այսինքն՝ այնպես չէ, որ այս պահին մարդիկ կարող են հանգիստ այդ ճանապարհով անցնել: Եվ չնայած նրան, որ ձմեռ է, եւ շինարակական աշխատանքները կարող են է՛լ ավելի բարդանալ, այս պահին այդ ճանապարհը անցանելի չէ:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱԴՈՒՄՅԱՆԸ
ԹԵԿՆԱԾՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ Է ԲԱԺԱՆԵԼ
Արթիկ խոշորացվող համայնքից եկող ահազանգերը չեն դադարում զարմացնել. տոտալ անիշխանության պարագայում թեկնածուներն անում են այն ամենը, ինչ ուզում են: Երեկ ահազանգ ստացանք, որ Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը, որը հիմա էլ ցանկանում է նախկինի նման «փառքով» ղեկավարել խոշորացված Արթիկ համայնքը «Միասնական Արթիկ» դաշինքով, նոյեմբերի երկրորդ շաբաթում որոշել է համայնքի բնակչության վճարներից ձեւավորվող բյուջեից պարգեւավճարներ բաժանել համայնքային բյուջետային աշխատողներին: Ակնհայտ նախընտրական նպատակներ հետապնդող այս քայլը ոչ միայն ծաղր է համայնքային աշխատողների ու քաղաքի խղճուկ բյուջեի նկատմամբ, այլ խախտում է ընտրական պրոցեսի կարեւոր սկզբունքներից մեկը` հավասարության սկզբունքը:
Այն, թե ինչպիսի քաղաքական անցյալ ունի Վարագյանը, թերեւս հայտնի է բոլորին. նախկին ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր, որն այդպես էլ ելույթ չի ունեցել ԱԺ-ում, էլ ուր մնաց ծրագիր կամ տեսլական ունենար: Ի դեպ, մեզ փոխանցեցին, որ Վարագյանի օրոք նախկինում եղել է դեպք, երբ բաժանվել, ապա ինչ-ինչ ձեւերով հետ է հավաքվել պարգեւավճարը, ու պարզ չէ՝ այս անգամ ինչ է լինելու:
Նման տեղեկությունները ստիպեց մեզ ուսումնասիրել Վարագյանի կողմից գլխավորած ավագանու ցուցակի անդամներից որոշների կենսագրությունը: Նախ՝ ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, աչք է զարնում այն, որ Վարագյանի ցուցակում ընդգրկված են բավական թվով սոցապ ծառայության աշխատողներ, ովքեր ասոցացվում են մարդկանց թոշակների ու նպաստների հաշվին հարստանալու հետ, տվյալ ոլորտի աշխատակիցներից են, օրինակ, Մուշեղ Մկրտչյանը, Մեսրոպ Վարագյանը, ում կնոջ դեմ հարուցվել էր քրեական գործ` կապված նույն ոլորտում ֆինանսական չարաշահումների հետ, որից հետո նա ազատվեց աշխատանքից, ցուցակում ընդգրկված է նաեւ նույն համակարգից Արտակ Չոպիկյանը: Ի դեպ, մեր աղբյուրները պնդում են՝ Մխիթար Վարագյանի գլխավորած ցուցակում ընդգրկված մարդկանցից, օրինակ, Ոսկան Վարդանյանը եւ Արմեն Նիկողոսյանը (մականունը` Կուկու) ոչ իրենց, այլ փոխկապակցված անձանց անունով դեռեւս քաղաքապետ աշխատող Վարագյանից ստացել են համայնքապատկան տարածքներ հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար: Մեր աղբյուրները պնդում են, որ նշյալ բիզնեսներում աշխատանքի են տեղավորվում «զարմանալիորեն» հենց Վարագյանի ազգականները: Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը «ռեյդեր» է անելու Արթիկում. թե կոնկրետ ինչ գործերով, պարզ չէր, սակայն խոստացան, որ բավական թեժ է լինելու իրավիճակը:
Արթիկի մասին մեր նախորդ հրապարակումներից մեկում նշել էինք, որ այստեղ 30 տարի ոչինչ չի արվել, ու քաղաքը սկսել է ստանալ խղճուկ տեսք, բայց, արի ու տես, քաղաքի ու տարածաշրջանի զարգացման համար այդ շրջանի պատասխանատուները, փոխանակ պատժված լինեին կամ գոնե չկարողանային նայել իրենց համաքաղաքացիների աչքերի մեջ, ոչ միայն թեկնածու են, այլեւ կարողանում են նայել ջրափոսերի միջով դպրոց ու մանկապարտեզ գնացող երեխաների ու նրանց ծնողների աչքերի մեջ: Թերեւս մեղավորն ընտրողներն են:
ԴԵՊԻ ՏԱՔ ԵՐԿՐՆԵՐ
Այս տարի հայերի մեծ մասն իր հանգիստը մտադիր է անցկացնել արտերկրում: Մեր հայրենակիցների մի մասը նախընտրում է գնալ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է եւ տաք է: ArmLur.am-ը դիմեց մի քանի տուրիստական ընկերություններ եւ հետաքրքրվեց, թե մեր հայրենակիցներն այս տարի կոնկրետ որտեղ են մտադիր Ամանորն անցկացնել: Օրինակ, «Գլոբուս տուրս» տուրիստական ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեր հայրենակիցներն այս տարի պլանավորել են Ամանորն անցկացնել Եգիպտոսում եւ Դուբայում: Ի դեպ, այս երկրները սահմանափակումներ չեն կիրառում, եւ պատվաստման կոնկրետ պահանջ չկա: Բայց, մյուս կողմից, այս տարի հայերն ավելի շատ մեկնելու են Եգիպտոս, Դուբայ, բնականաբար այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Եվրոպական երկրներ մեր հայրենակիցները չեն շտապում, քանի որ շենգենյան վիզայի հետ կապված հարցեր կան, այն ստանալն աշխատատար է, դժվար, բացի այս, պատվաստման հստակ պահանջ կա: Ձմռան ամիսներին մեր հայրենակիցները հետաքրքրված չեն եվրոպական երկրներով, նրանք ավելի շատ ձգտում են դեպի տաք երկրներ: Տեղեկացնենք, որ մեր հայրենակիցների քիչ տոկոսը մտադիր է ամանորյա հանգիստն անցկացնել Մալդիվներում, Զանզիբարում: «Գլոբուս տուրս» ընկերությունից ArmLur.am-ին փոխանցեցին նաեւ, որ այս տարի Դուբայում եւ Եգիպտոսում, նախորդ տարվա համեմատ, հյուրանոցային ծառայությունների սակագներն են զգալի բարձրացել: Օրինակ՝ Դուբայում հյուրանոցային ծառայությունները թանկացել են 10-20 տոկոսով: Բացի այս, հյուրանոցներում գրեթե ազատ տեղեր չկան, եւ տուրընկերությունները մեծ դժվարությամբ են ամրագրումներ անում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ իշխող ուժի կողմից առաջադրվել ու մասնակցում էր Կապանի ՏԻՄ ընտրություններին, նորից պատգամավորական աշխատանքի կվերադառնա: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Կապանում տեղի ունեցած համայնքային ընտրությունների ժամանակ հաղթանակ էր տարել գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանը, որ առաջադրվել էր «Շանթ դաշինք»-ով: ArmLur.am-ի հետ զրույցում Դանիելյանը նախ շնորհավորեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ հաղթանակ տարած բոլոր թեկնածուներին, ապա հավելեց. «Հարգում եմ քաղաքացիների կատարած ընտրությունը ու շարունակելու եմ նույն ջանք ու եռանդով կանգնել մեր հայրենակիցների կողքին, ամեն ինչ անել, որ եւ՛ ՀՀ-ի, եւ՛ Կապանի, եւ՛ Սյունիքի շահերը երբեւէ երկրորդ պլան չմղվեն»: Փարսյանն ասում է նաեւ, որ շարունակում է հանդիպումներ ունենալ տեղացիների հետ, լսել նրանց հուզող հարցերը: «Գյուղեր այցելելիս ծանոթանում եմ նաեւ ճանապարհաշինական աշխատանքներին, որոնք մեծ թափով են ընթանում»,- հավելում է մեր զրուցակիցը: Հարցին՝ պատրաստվում է արդյոք համագործակցել Գեւորգ Փարսյանի հետ, արձագանքում է. «Ցանկացած պաշտոնյայի հետ պատրաստ եմ համագործակցել, եթե նրա աշխատանքը միտված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերն առաջ մղելուն»:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ