ԵԼԵՆԱ ԱՐՇԱԿՅԱՆԻ «ՆՈՒՆԻԿ» ՖԻԼՄԸ ՀԱՂԹԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմը հաղթել է «Արփա» միջազգային քսանչորսերորդ կինոփառատոնում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

 

Ելենան այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում. «Ու սա դեռ սկիզբն է: Ինչի՞ եմ վստահ. որովհետեւ «Նունիկ»-ի ստեղծումը ու հետագա ընթացքը ինձ համար եւս մեկ ապացույց էր, որ  կինոն իմն է, ու  ես իմ տեղում եմ:

Ես կարող եմ երկար պատմել կինոյի մասին, ես կարող եմ երկար պատմել իմ սիրո մասին կինոյի հանդեպ, բայց երբ որ նամակ ստացա, որ հաղթել ենք, առաջին բանը, որ եկավ մտքիս, շնորհակալությունն էր:

Շնորհակալություն բոլոր էն մարդկանց, որոնք ինձ հետ եղան «Նունիկ»-ի ստեղծման առաջին րոպեներից, օգնեցին իրականություն դարձնել այն ու հավատացին «Նունիկ»-ին: «Նունիկ»-ի ստեղծման բարդությունների ու նկարահանման դժվարությունների մասին այսօր արդեն չեմ հիշում, բայց հիշում եմ մարդկանց, որոնք այդ պահին էլ չէին նկատում այդ դժվարությունները ու ինձ հետ միասին հարթում էին այն ճանապարհը, որ այսօր մեզ բերեց մեր առաջին հաղթանակը: Ամեն ինչ դեռ առջեւում է, սիրում եմ ձեզ»,- գրել է Ելենան ու հատուկ շնորհակալություն հայտնել «Արմենիա TV»-ին։

ArmLur.am-ի հետ զրույցում Ելենան պատմել է ֆիլմի ստեղծման գաղափարի եւ զգացողությունների մասին:

«Երբ ուսանում է ԹթԼԽ-ում եւ այն այս տարի կարմիր դիպլոմով ավարտեցի, պետք է դիպլոմային աշխատանք ներկայացնեինք ֆիլմ: Ֆիլմը ստեղծել եմ իմ ընկերների հետ, այն չի ունեցել ֆինանսական աջակցություն, բայց ունեցել է ընկերական աջակցություն: Ֆիլմի նկարահանումները տեւել են 10 օր: Նկարահանումներն իրականացրել են Հայաստանի հեռավոր գյուղերից մեկում՝ Լոռու մարզում: Ֆիմը բավականին հաջողված էր, եւ մեծ գնահատակներ լսելուց հետո իմ վարպետների կողմից որոշեցի այն ներկայացնել տարբեր միջազգային փառատոնների, եւ «Արփա» միջազգային փառատոնին ստացանք լավագույն կարճամետրաժ ֆիլմ անվանակարգը, ինչն ինձ համար շատ մեծ ուրախություն է եւ ամենակարեւոր գնահատակներից մեկն է: Ֆիլմը պատմում է աուտիզմով հիվանդ երեխայի մասին, թե մենք ինչպես ենք վերաբերվում մեր շրջապատում խնդիրներ ունեցող մարդկանց»,- մեզ հետ զրույցում պատմում է նա:

Հավելենք, որ  «Նունիկ»-ը եղել է Ելենայի դիպլոմային աշխատանքը ԹթԼԽ-ում, որը ռեժիսորը վերջերս ավարտեց։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է 2021թ. ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ. հաղորդում է Sports.ru-ն։ 18-ամյա խաղացողն արժանացել է Ռուսաստանի ֆուտբոլային միության եւ Մանկական ֆուտբոլային լիգայի «Առաջին հնգյակ» մրցանակի դափնեկրի։ Արսեն Զախարյանը ստացել է 445 միավոր։ Երկրորդ տեղում է «Ուֆայի» հարձակվող Գամիդ Ագալարովը (312), երրորդ տեղում՝ «Դինամոյի» հարձակվող Կոնստանտին Տյուկավինը (238)։ 2021 թվականին Արսեն Զախարյանը մասնակցել է Պրեմիեր լիգայի 27 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

 

 

ՀԱՂԹԵԼ Է

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 3։0 հաշվով հաղթանակը «Բարսելոնայի» նկատմամբ։ Առաջին տուրում եւս «Բավարիան» կատալոնական թիմին հաղթել էր 3։0 հաշվով։ «Այսօր «Բավարիան» գերիշխում էր խաղադաշտում։ Մենք բախվեցինք տիտղոսակիր մրցակցի, որին իսկապես անհրաժեշտ էր հաղթանակ, բայց մենք թույլ չտվեցինք նրանց թուլանալ այս խաղում։ Եթե խաղայինք իսկապես միասնական կոլեկտիվով, կարող էինք ավելի շատ գոլ խփել»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ E խմբում «Բավարիան» 6 հաղթանակ տարավ խմբային փուլում եւ գրավեց առաջին տեղը։ Երկրորդ ուղեգիրը նվաճեց պորտուգալական «Բենֆիկան», որը վաստակեց 8 միավոր։ «Բարսելոնան» 7 միավորով գրավեց երրորդ տեղը եւ հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

 

8-ՐԴ ԳՈԼԸ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը 8-րդ գոլն է խփել «Բարսելոնային»։ Վերջին տուրում «Բավարիան» կատալոնական թիմին հաղթել է 3։0 հաշվով՝ դուրս թողնելով Չեմպիոնների լիգայից։ «Երբ խաղում ենք «Բարսելոնայի» դեմ, մեր եզրային խաղացողները տարածություն են ստանում, քանի որ մրցակիցը փորձում է ամբողջ թիմով պրեսինգի դիմել եւ ճնշում գործադրել։ Կարող էինք ավելին անել երկրորդ խաղակեսում, բայց մենք ուրախ ժամանակ անցկացրինք։ «Բարսելոնայի» դեմ խաղում ինձ մոտ ամեն ինչ ստացվում է ինքնաբերաբար»,- Մյուլերի խոսքը մեջբերում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։ Մյուլերը կարիերայում ամենաշատ գոլ (8) խփել է «Բարսելոնային»։ Չեմպիոնների լիգայում Մյուլերը խփել է 50 գոլ եւ երկրորդն է ակումբի պատմության մեջ այդ ցուցանիշով։ Առաջատարը լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին է՝ 65 գոլ։

 

 




Լրահոս