ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա մեջ մի քանի անգամ փոխում միտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մի քանի մտքեր, որոնք հակասում էին իր կողմից նախկինում արված հայտարարություններին: Դրանցից մեկը վերաբերում էր կառավարման համակարգի փոփոխությանը:

Ասուլիսի ժամանակ նա մասնավորապես նշեց. «Նախորդ տարվա նոյեմբերյան ներքաղաքական իրադարձությունից, էմոցիոնալ փուլից հետո իմ տեսակետը մնում է այն, որ կառավարման խորհրդարանական համակարգը չպետք է փոխվի, բոլորը չէ, որ այդպես են կարծում: Հանրապետության նախագահը, օրինակ, նախկինում էլ արտահայտվել է, երկու օր առաջ էլ խոսում էինք, ասեց, որ ինքը մնում է իր տեսակետին, որ կառավարման համակարգը պետք է փոխվի, բայց ես մնում եմ այն տեսակետին, որ պետք է չփոխվի»:

Եվ հենց այստեղ է հետաքրքիր, որ նախկինում նա բոլորովին այլ տեսակետ ուներ: Չնայած 2020 թվականին նա կրկին այդ կարծիքին է եղել, սակայն հաջորդ տարի փոխել է միտքը: 2020 թվականի հունվարին Կապանում ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե կառավարման համակարգի փոփոխության կարիք չի տեսնում. «Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած կառավարման համակարգ է: …Իմ կարծիքը հետեւյալն է, որ մենք կառավարման համակարգ չպետք է փոխենք՝ մինչեւ այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, թե այս կառավարման համակարգը մեզ համար խնդիր է»:

Իսկ ահա 2021-ի մարտի 1-ի հանրահավաքին նա շեշտեց. «Կարծում եմ, ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»:

Իսկ օգոստոսին՝ ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, հայտարարեց. «Ամենեւին փաստ չէ, որ 2020-ին առաջացած ճգնաժամի ժամանակ կառավարման խորհրդարանական համակարգը ի ցույց է դրել իր ոչ կենսունակությունը»:

Այսպիսով, ստացվում է՝ մեկ տարվա մեջ նա տեսակետներ է փոխել:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս