Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ասում է, որ յուրաքանչյուր հայ լեգիտիմ հարց պետք է ուղղի Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի բացատրեն, թե Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումը կառուցողական գնահատելն ի՞նչ է նշանակում՝ նախապայմաններից հրաժարվե՞լը, միջանցք տրամադրե՞լը, Ցեղասպանության շարունակական ժխտո՞ւմը, թե՞ Արցախի ուրացումը։
ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հունվարի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, պատգամավորը նշեց, որ մեր ԱԳՆ-ում հանդիպումը կառուցողական են գնահատում՝ հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոր սպառնալիքներն ու Թուրքիայի անվերապահ աջակցությունն Ադրբեջանի նավթային բռնապետին։
«Բայց իրականությունն ակնհայտ է բոլորին, և ով ցանկանում է, տեսնում է այն։ Հայաստանի իշխանությունը վերջին երեք տարվա ընթացքում ոտնահարել է դաշնակցային ու գործընկերային բոլոր շահերը։ Միակ երկիրը, որը բացարձակ չի տուժել օրվա իշխանության գործողություններից, Թուրքիան է։ Հետևաբար պետք չէ այդ հանդիպումներից նոր բան, նոր պայմանավորվածությունների ձեռք բերում սպասել, քանի որ դրանք համաձայնեցվել են շատ ավելի վաղ և ավելի բարձր մակարդակում։ Այժմ մենք սոսկ դրա ականտեսն ենք դառնում»․- նշեց մեր զրուցակիցը։
Սևակ Վարդումյան