ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ-Ն ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում հայատյացության, թշնամանքի քաղաքականությունը չի վերջանալու, այն Ադրբեջանի իշխանությունների քաղաքական կյանքի սնուցման աղբյուրն է,  այս ամենի պայմաններում ադրբեջանական կողմից հնչող բոլոր խաղասիրական հայտարարությունները կեղծ են, շղարշ են միջազգային հանրության համար իրական դեմքը քողարկված պահելու նպատակով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Մենք պետք է նայենք՝ իրական կյանքում ինչ է տեղի ունենում, պետք է նայենք գործին։ Տեսեք, գրեթե ամեն օր մեր սահմանային բնակիչների իրավունքների խախտումները, զինծառայողների սպանությունները, սպառնալիքները, գողությունները, նաեւ մեր գերիների նկատմամբ խոշտանգումները, այդ թվում՝ նոր ձեւերը, դրանք բոլորը ապացույցներով գերհիմնված են, այս ամենը ապացուցում են իմ խոսքերը, որ գործ ունենք հայատյացության հետ, որ իրականում պատերազմից հետո մի գրամ անգամ չի նվազել ատելությունը, հայատյացության քաղաքականությունը»,-մանրամասնել է նա։

 

Արման Թաթոյանի խոսքով՝ իր համար՝ որպես ՄԻՊ-ի, խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց եթե անվտանգության երաշխիքներ չունենք, ավելի մեծ խնդիրների մեջ կարող ենք հայտնվել։ «Գլխավոր երաշխիքը ադրբեջանական ԶՈւ-ի հեռացումն է, որը պետք է հիմնավորենք մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Ես երեկ տեսա՝ ԱԳՆ կայքում կար հայելային հետ քաշման գաղափարը, դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվել եւ վերաբերվում եմ, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է։ Որովհետեւ հարց է առաջանում ՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք։ Շատ տեղերում շփման գիծը անցնում է մեր քաղաքացիների տների միջով, հողերի միջով. ինչի՞ հաշվին հետ պիտի գնանք, երբ դելիմիտացիա, դեմարկացիա ընդհանրապես չի էլ եղել»,-շեշտել է Արման Թաթոյանը։

Արման Թաթոյանը հիշեցրել է, որ անընդհատ խոսվում է աշխարհագրական քարտեզների մասին, բայց մարդու իրավունքների հայեցակարգով շարժվելու դեպքում ունենք մարդկանց կողմից անտառների օգտագործման հարց, գեոդեզիական քարտեզներ, կադաստրային հարցեր, մարդկանց բնականոն կյանքի ապահովման հարցեր։

«Ի՞նչ է զորքերի հայելային հետ քաշումը, մարդկանց բնականոն կյանքն է վերականգնելու, ինչպե՞ս։ Մարդիկ, որ իրենց սեփականության իրավունքով հողերը կորցրել են կամ  վարաձակալությամբ ձեռքբերված, ինչպե՞ս են վերադարձվելու: Հետեւաբար խոսքը վերաբերում ադրբեջանական ԶՈՒ-ի հեռանալուն»,-ասել է նա: Վերջինիս խոսքով՝ անվտանգության չեզոք գոտին անհրաժեշտություն է, որ մարդիկ կարողանան շնչել, ապրել, մնացած հարցերը կորոշվեն դելիմիտացիայի, դեմարկացիայի, բանակցությոնների ժամանակ, որը կարող է տարիներ տվել։ Նա շեշտեց՝  քաղաքական ու ռազմական պաշտոնյաները պետք է դադարեցնեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։

«Բավական է, չի կարելի, չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը։ Եթե մենք շարունակենք կտրել անվտաnգությունը մարդուց ու մարդու իրավունքներից, մենք կզրկվենք նաեւ անվտանգությունից, մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով»,- եզրափակել է նա:

Ն. Պ.

 

 

 

ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՐԵԼ Է

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են վերջինիս կողմից կոռուպցիոն բնույթի մի շարք չարաշահումներ կատարելու, այդ թվում` հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով գույքն օրինականացնելու դեպքեր: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն:

 

«2000-2018 թվականների ընթացքում Վ. Գասպարյանի կինն ու դուստրը, տարբեր ժամանակահատվածներում պաշտոնների նշանակված լինելով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում եւ ՀՀ ոստիկանությունում, տարիներ շարունակ առհասարակ ծառայության չեն ներկայացել եւ իրենց պարտականությունները չեն կատարել: Բացի այդ, Վ. Գասպարյանի կինը, պաշտոնի նշանակված լինելով ՀՀ ոստիկանությունում, անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր ծառայողական պարտականությունները: Վ. Գասպարյանը, տեղյակ լինելով այդ ամենի մասին, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները` դիտավորությամբ չի ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, որպիսի պայմաններում նրա կնոջն ու դստերն անհիմն վճարվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 45 մլն ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանը, 2000-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնեական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաեւ պաշտոնեական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, ինչպես նաեւ զբաղվել կոռուպցիոն բնույթի այլ հանցավոր գործունեությամբ: Արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով իր հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու միջոցով եւ այլ եղանակներով օրինականացրել է դրանք: Քննությամբ պարզվել է, որ Վ. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 2.116.040.804 ՀՀ դրամի չափով գույք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման համար Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 315-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ /: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

 

ԿՐԱԿՈՑ՝  ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նախօրեին կրակոց է հնչել Երեւանում: Ժամը 23:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երեւանի 103 շտապօգնության բժիշկների 21-րդ բրիգադը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են, որ վիրավորը Երեւան քաղաքի բնակիչ, 40-ամյա Գայանե Մ.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ռշտունի փողոցում գործող գարեջրատնից: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները, ապա նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջնների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռ. Սադարյանի, բաժնի պետի տեղակալ Մախմուդյանի, ավագ քննիչ Ժ. Սարգսյանի գլխավորությամբ, դեպքի վայրում հայտնաբերել են 1 հատ 7.62 մմ տրամաչափի պարկուճ, 1 գնդակ եւ արնանման հետքեր: Դեպքի վայր են ժամանել նաեւ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լեւոն Բադալյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

 

 

ՄԻՊ-Ը ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի «Նորք» մասնաճյուղի թվով 80 աշխատակցի աշխատանքից ազատելու հարցով գրություններ է ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, ինչպես նաեւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին: Նախօրեին տեղի ունեցած հրապարակային բողոքներով, որոնք ներկայացվել են լրատվամիջոցներին, բուժաշխատողները նշել են, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին բանավոր տեղեկացվել են աշխատանքից ազատվելու մասին, իսկ աշխատանքից ազատման հիմքերի մասին չեն ծանուցվել, ավելին՝ տեղեկացել են, որ վերջնահաշվարկ նույնպես չի իրականացվելու: Այնուհետեւ, ըստ բողոքների, աշխատակիցներին հորդորել են աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ ժամանակ տրամադրելով մինչեւ 2022 թվականի հունվարի 15-ը: Ի գիտություն ընդունելով նաեւ հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարության պարզաբանումը՝ բուժաշխատողների աշխատանքային իրավունքների երաշխավորման նպատակով Պաշտպանը լրացուցիչ հարցադրումներ է ուղղել:

 

 

 




Լրահոս