Երդվել էի Հադրութի, Շուշիի մասին չերգել… Շուշան Պետրոսյանը` «Շուշի» երգի և վախերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը հանրության դատին հանձնեց «Շուշի» ստեղծագործությունը, որը սիրո խոստովանություն է չքնաղ Շուշիին եւ կարոտի արտացոլանք։ ArmLur.am-ը երգի գաղափարի եւ ստեղծման մասին զրուցել է երգչուհու հետ։

-Տիկի’ն Պետրոսյան, «Շուշի» ստեղծագործությունը ինչպե՞ս ստեղծվեց։

-Երաժշտությունն ու խոսքերի հեղինակը Աննա Հովներն է ու ուրախ եմ ու շնորհակալ, որ ցույց տվեց ինձ այս սիրուն սիրո խոստովանությունն ու դրաման՝ զետեղված մի երգում։ Յուրաքանչյուր հայ զգացել է Աննայի ու իմ ապրածն այս երգի ծնունդով։

-Իսկ ինչո՞ւ հենց «Շուշի»…։ Ի՞նչ մեսիջ է այն հաղորդում, ո՞րն է գլխավոր գաղափարը, որ կուզենայիք փոխանցել Ձեր ունկնդրին։

-Իսկ էլ ի՞նչ, եթե ո՛չ Շուշի։ Ի սկզբանե երդվել էի ինքս ինձ, որ որեւէ երգ Շուշիի, Հադրութի մասին չեմ երգելու, որ չդառնան Էրգրի երգերի նման կարոտի երգեր։ Բայց այս երգում մի նախադասություն կար, որ փոխեց ամեն-ինչ ու հասկացա, որ պիտի երգեմ ու անպայման։ Հասկացա, որ պիտի չնկճվենք ու մեր վերքերը պետք է սպեղենք, ամրանանք ու ոտքի ելնենք։ Լույսի դուռը բացվելու է, հավատացած եղեք։

-Ձեր երգերը մեծ հուզականություն եւ առ հայրենիքը մեծ սեր են պարունակում։ Ի՞նչ մտավախություններ եք ունեցել այն կատարելիս։

-Մտավախություններ չկան, վայրէջքներին հաջորդում են վերելքները ու ամեն փորձություն մարդու համար է, հատկապես հայի համար։ Հետեւեք մեր պատմությանը…

-Գիտեմ ծանր թեմա է, բայց շատերն արդեն համակերպվել են կամ էլ վախենում են խոսել, Դուք ի՞նչ արձագանքներ եք լսել տեսահոլովակի պրեմիերայից հետո։

-Արձագանքները գոտեպնդող են, կամք են ու ուժ։ Շնորհակալ եմ բոլորին նույնանման վերապրելու համար։ Աննա Հովներին, «Արդինի» ստուդիային, Վահե Յանին, Սուրեն Թադեւոսյանին ու բոլոր-բոլորին, որ կողքիս էին երգն ու տեսահոլովակը ստեղծելիս ու արձագանքողներին… Համակերպվողը ողորմելի, անարժանապատիվ տեսակն է: Եռաբլուրը վրեժ է շնչում, ի՞նչ համակերպվելու մասին է խոսքը։ Վախենալ ինչի՞ց, ակնհայտը, դավաճանությունը բարձրաձայնելու՞ց, այդ դեպքում նույնքան մեղք ունեն կորսված երկրի ու տղերքի առջեւ։
Անարժանիների մասին չխոսենք, լա՞վ։
Ինչպես իմ հետախույզ ընկերներն էին ասում մարտական առաջադրանքի մեկնելիս՝ «Լավ է լինելու»։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս