ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարեցտարի ավելանում է խնամատար ընտանիքներ ուղղորդվող երեխաների թիվը: 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 88 երեխայի խնամքը կազմակերպվել է 61 խնամատար ընտանիքում: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։

 

Ըստ նրա՝ նշված ցուցանիշը վկայում է դրական դինամիկայով գործընթացի մասին: «Խոսելով շուրջ 9 տասնյակ երեխաներին մասին՝ մենք կարող ենք փաստել, որ նրանք, այդ պահին չունենալով կենսաբանական ընտանիքների հետ վերամիավորման հնարավորություն, օգտվել են ընտանիքում ապրելու իրավունքի իրացումից եւ տեղավորվել են խնամատար ընտանիքներում: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին խնամատար ընտանիքներում խնամք եւ դաստիարակություն է ստացել 17, 2019 թվականին՝ 50, 2020-ին՝ 78, եւ 2021-ին՝ 88 երեխա»,-ասել է Ա. Հովհաննիսյանը: Հատկանշական է այն, որ այս տարիների ընթացքում փոփոխվել է մասնագիտացված խնամատարության ընտանիքում խնամք ստացող երեխաների թիվը: Եթե 2018 թվականին 2 մասնագիտացված խնամատար ընտանիք է եղել է, ապա 2021-ին՝ 7: Մասնագիտացված խնամատար ընտանիքներում խնամք եւ դաստիարակություն են ստանում ծանր եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաները: Անահիտ Հովհաննիսյանի խոսքով՝ խնամատարությունը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված կարեւորագույն միջոցառումներից է, որը նոր փուլ տեղափոխվեց 2019 թվականից սկսած, երբ կառավարության որոշմամբ սահմանվեցին խնամատարության գործընթացի նոր կարգավորումներ: «Այն կարեւոր միջոցառումներից մեկն է, որը մեզ օգնում է, երբ մենք խուսափում ենք երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնել շուրջօրյա խնամքի հաստատություններում:

Հնարավորություն ենք ընձեռում երեխաներին կա՛մ կարճաժամկետ, կա՛մ երկարաժամկետ խնամատարության միջոցով դաստիրակություն ստանալ խնամատար ընտանիքում»,- ասել է Անահիտ Հովհաննիսյանը: Մինչ խնամատարություն ստանձնելը ընտանիքներն անցնում են համապատասխան վերապատրաստում: Նաեւ հնարավորություն է ընձեռվում ընթացքում ստանալ համապատասխան խորհրդատվություն: Ընտանիքները մենակ չեն երեխայի խնամքի ու դաստիարակության հարցում: Պետությունը տրամադրում է նաեւ ֆինանսական աջակցություն: Տարեցտարի նկատվում է նաեւ խնամատար ընտանիք դառնալու ցանկություն ունեցողների թվի ավելացում: Անահիտ Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին միայն Վայոց ձորի մարզն է, որտեղ չկան ո՛չ մասնագիտացված, ո՛չ էլ սովորական խնամատար ընտանիքներ, մնացած բոլոր մարզերում կան: Նույնիսկ կան ընտանիքներ, որոնք պատրաստ են մի քանի երեխաների խնամք ստանձնել: Անահիտ Հովհաննիսյանը նշել է, որ բարեփոխման անհրաժեշտություն ունի այս ոլորտը: Նախատեսվում են համապատասխան օրենսդրական փոփոխություններ, որոնք ուղղված են այս ոլորտում մի շարք մեխանիզմների լավարկմանը: Մասնավորապես, գործող օրենսդրությամբ խնամատար ծնողների եւ հոգեզավակի տարիքային տարբերությունը սահմանված է 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, իսկ խնամատար ծնողի առավելագույն տարիքը՝ 55 տարեկան: «Բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք դիմում են նախարարություն, ցանկանում են ստանձնել երեխայի խնամք, սակայն տարիքային շեմը չի համապատասխանում: Նախատեսում ենք խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց տարիքային շեմը բարձրացնել՝ հասցնելով 65 տարեկանի»,- հավելել է նախարարության ներկայացուցիչը:

Ն. Պ.

 

 

 

«ՇՈՒՇԻԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ» ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑԻՆ

Օկուպացված Շուշիում 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրեցին այսպես կոչված «Շուշիի հռչակագիրը»։ Այն ամբողջովին հակահայկական բնույթ ունի եւ վերջերս վավերացվեց Թուրքիայի խորհրդարանի կողմից։ Այս մասին հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։ Այդ հռչակագրի համաձայն՝ ինչպես նշել է պատգամավորը, Հայաստանը պետք է ընդունի «Ղարաբաղի՝ Ադրբեջանի մաս լինելու փաստը», հրաժարվի պետական մակարդակով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ցանկությունից՝ հարցը ներկայացնելով պատմաբանների քննարկմանը։ «Դա մեզ համար անընդունելի է։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բավականին ադեկվատ արձագանքեց այս հռչակագրին, բայց ոչ մի այլ պետական մարմին, նույնիսկ՝ խորհրդարանական մակարդակով, չարձագանքեց հռչակագրի վավերացմանը»,-ընդգծել է Թեւանյանը՝ տարակուսանք հայտնելով։

 

 

 

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ: «Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաեւ պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված՝ Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ -ից, Վրաստանից»,- նշված է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

 

 

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ

Սովորաբար Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները իրենց աշխատավարձերը ստանում են ամեն ամսվա սկզբին։ Փետրվարի 8-ն է, սակայն Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշխատողները չեն ստացել հունվար ամսվա աշխատավարձը։ Աշխատավարձը ստանալու համար դպրոցները անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացրել են, սակայն աշխատավարձն ուշանում է։ Տավուշի ուսուցիչների աշխատավարձը բարձր չէ, շատ մանկավարժներ բանկերում վարկեր ունեն եւ վարկերի մարման ժամանակացույցը հարմարացրել են իրենց աշխատավարձը ստանալու օրվան։ Աշխատավարձի վճարման ուշացման պատճառով բազում ուսուցիչներ չեն կարողացել կատարել իրենց վարկային պարտավորությունները։ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերուժան Հարությունյանը հայտնեց, որ աշխատավարձերի ուշանալը կապված է հունվարից նոր ֆինանսական տարուն անցնելու, ուսուցիչների դրույքաչափերի փոփոխության եւ, կախված աշակերտների թվից, դպրոցների ֆինանսավորման չափի փոփոխության հետ։ Նա ասաց, որ բոլոր հաշվարկները կատարված են, եւ փետրվարի 9-ին դպրոցների աշխատողներն աշխատավարձ կստանան։

 

 

ԴՈՏԱՑԻԱ

Դիլիջան խոշոր համայնքի ավագանին ընդունել է համայնքի 2022 թվականի բյուջեն, որը եկամուտների եւ ծախսերի գծով նույնն է՝ 1 միլիարդ 67 միլիոն 888 հազար դրամ։ Համայնքի 2021 թվականի բյուջեն 1 միլիարդ 27 միլիոն դրամ էր։ Համայնքի բյուջեի ծախսերի ամբողջ ծավալի 70,3 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 29,7 տոկոսը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե)։ Հարկային եկամուտները եւ տուրքերը նախատեսված են 201 միլիոն 913 հազար դրամի չափով։ Համայնքի բյուջեում ծրագրվել է 681 միլիոն 475 հազար 500 դրամի չափով պաշտոնական դրամաշնորհներ, որը 4 միլիոն 995 հազար 200 դրամով ավել է 2021թվականի համար սահմանված ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայից։ 2022 թվականին Դիլիջան համայնքի կառավարման ապարատի պահպանման ծախսերը նախատեսված են 267 միլիոն 22 հազար դրամի չափով։ Աշխատավարձի ֆոնդը կազմում է 219 միլիոն 424 հազար 500 դրամ։ Աշխատավարձի ֆոնդի հաշվարկն իրականացվել է Դիլիջան համայնքի ավագանու որոշմամբ հաստատված հաստիքացուցակի հիման վրա, որով նախատեսված է 66 հաստիք։ Աշխատավարձի ֆոնդը ծրագրվել է 13 ամսվա աշխատավարձի չափով, որը նախատեսված է նաեւ արձակուրդայինների եւ վերջնահաշվարկի վճարման համար։ Համայնքապետարանի աշխատակիցներին խրախուսելու համար նախատեսված է նաեւ խրախուսման ֆոնդ՝ աշխատավարձի ֆոնդի 28,3 տոկոսի չափով։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս