Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևը։

Ադրբեջանական կողմը հայտնել է, որ «1988-ի փետրվարից նշյալ անձինք ազգային թշնամանքի, ադրբեջանական ու հայ ժողովուրդների միջև ատելության հրահրման նպատակով Ղարաբաղում գումարել և անցկացրել են ազգությամբ հայ աշխատակիցների ժողովներ կազմակերպություններում ու հիմնարկներում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալելու մտադրության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր այդ հարցով ՀՀ Գլխավոր դատախազություն: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց. «Պատերազմին վերաբերող գործով հրապարակայնություն այնքանով, որքանով թույլատրելի է, հրապարկվել է մեր կողմից համապատասխան հաղորդագրությամբ: Ավելին չեմ կարող ասել: Իրենց կողմից էլ միջազգային հետախուզումների մասով, այո, արդյունավետորեն ամեն ինչ արվում է, որպեսզի դրանք ընթացք չստանան»:

Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է. «Միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ: Այս առումով հաշվի է առնվել առաջին հերթին այն հանգամանքը, որ ըստ Ինտերպոլի Կանոնադրության 3-րդ հոդվածի՝ կազմակերպությանը խստիվ արգելվում է որևէ գործունեություն ծավալել կամ միջամտել քաղաքական, զինվորական, կրոնական, ռասայական բնույթ կրող գործերին և հարցերին»:

Հավելենք նաև, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն առանձին նամակներով դիմել է միջազգային կազմակերպություններին՝ դատապարտելու Ադրբեջանի այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված նախագահի ինստիտուտի նկատմամբ։

Ն.Հ.




Լրահոս