ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քանաքեռցի Տույի սպանության գործով կալանավորվածներից մեկին ազատ արձակելու մասով բողոք է ներկայացվել ՀՀ վճռաբեկ դատարան:
Ինչես հայտնի է, մի քանի շաբաթ առաջ կալանքից ազատ էր արձակվել Քանաքեռցի Տույի սպանության գործով կալանավորված ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանի որդին՝ Հակոբ Սիմոնյանը: Ի դեպ, այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Սպանության օրը, ինչպես նաեւ կրակոցների ժամանակ Արտյուշ Սիմոնյանի տանը եղել է մեկ անձնավորություն, որը նախաքննական մարմնի համար համարվում է կարեւորագույն վկա, նրան իրավապահաները շուրջ 4 ամիս է՝ չեն կարողանում գտնել: Հավելենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ անձը սպանված ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի մտերիմներից է:
Շուրջ 4 ամիս է, ինչ այս գործով ստեղծվել է ուշագրավ իրավիճակ. կալանավորված ԱԺ նախկին պատգամավորի որդիները մինչ օրս ցուցմունք չեն տալիս:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Քանաքեռի սեփական տներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւանքով սպանվել էր 4 անձ, իսկ երեք անձ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Սպանվածների մեջ էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝ Արթուր Ղազարյանը, եւ ԱԺ նախկին պատգամավոր 61-ամյա Արտյուշ Սիմոնյանը: Վիրավորների մեջ է սպանված նախկին պատգամավորի որդին՝ Վլադիմիր Սիմոնյանը:
Կրակոցներից հետո նախաքննական մարմինը կալանավորել էր սպանված պատգամավորի որդիներին, որոնցից մեկին՝ Հակոբ Սիմոնյանին, օրերս ազատ են արձակել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ողջ իրավապահ համակարգը ապշել է, թե ինչու մի չնչին թեմայից առաջացավ այս ամենը, ու 4 մարդու ճակատագիր խորտակվեց: Բանն այն է, որ նախաքննական մարմինը ունի հստակ տվյալներ, թե ինչու են հնչել կրակոցները: ԱԺ նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի որդիներից մեկը հորը պատմել է, որ Տույը եւ իր թիմը պարբերաբար անհանգստացնում են իրեն, նեղացնում են:
Արտյուշ Սիմոնյանը քրեական հեղինակություն Տույին կանչում է իր առանձնատուն, որ հասկանա, թե ինչ կա իր որդիների հետ, ինչու է նա բախվել իր որդիների հետ, կամ հաճախակի որդիներից լսում է, որ քրեական հեղինակությունը նեղացնում է իրենց:
Եվ, ահա, նախկին պատգամավորի հրավերով Տույը գնում է Արտյուշ Սիմոնյանի տուն: Նախապես որոշում են տաղավարում նստել, զրուցել, սակայն առատ ձյան պատճառով տաղավարում չեն նստում, ինչից հետո Արթուր Ղազարյանին համոզում են, որ մնա՝ զրուցեն, նա չի ուզում մնալ, հասնում են մեքենաներին, ու հնչում է կրակոցը:
Ի դեպ, կրակոցները հնչել էին հենց նախկին պատգամավորի տանը: Նշենք, որ Արտյուշ Սիմոնյանը 2003 թվականին մեծամասնականով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից էր ԱԺ պատգամավոր ընտրվել:
Ք.Մ.
ՊՎԾ ՊԵՏԸ՝ 51 ՄԼՆ ԴՐԱՄՈՎ
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը դեռ չի ներկայացրել 2021 թվականի դրամական միջոցների եւ ունեցվածքի վերաբերյալ հայտարարագիրը: Իսկ մինչ այդ ArmLur.am-ը ուսումնասիրեց Ռոմանոս Պետրոսյանի 2018 թվականի՝ պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագիրը, որտեղ նա ներկայացրել է, որ ունի 2 բնակարան եւ մեկ հողամաս: Երեք անշարժ գույք՝ երեքն էլ Կոտայքի մարզում: Բացի այս, նա հայտարարագրել է, որ ունի «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: 2018-ին Պետրոսյանը 60 տոկոս բաժնային արժեթուղթ է հայտարարագրել, իսկ ահա 2019 թվականի սկզբին Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է, որ ունի երկու բնակարան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որից մեկը տարեվերջին 17 մլն 800 հազար դրամով վաճառել է:
Բացի այս, նա ունի նաեւ հողամաս Ակունք համայնքում: Նույն տարում Ռոմանոս Պետրոսյանը «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան Արաբկիր վարչական շրջանում 51 մլն 357 հազար դրամ արժեքով կամ շուրջ 106 հազար դոլարով: Այս պաշտոնյայի բանկային հաշիվների մնացորդները 2019 թվականի վերջին կազմել են ավելի քան 1 մլն 922 հազար դրամ, իսկ կանխիկ դրամը՝ 850 հազար դրամ: 2019 թվականին, երբ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ էր, նրա աշխատավարձը կազմել է տարեկան 11 մլն 522 հազար դրամ, որը ամսական կազմում է 960 հազար դրամ: Նշենք նաեւ, որ Ռոմանոս Պետրոսյանը բանկերից մեկից 35 մլն դրամի չափով, իսկ մեկ այլ բանկից՝ 874 հազար դրամ վարկ, փոխառություն է ստացել:
Ի դեպ, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2020 թվականին օգոստոսին Ռոմանոս Պետրոսյանը 3 մլն դրամով վաճառել է իր՝ 2004 թվականի արտադրության BMW X5 ավտոմեքենան: Նշենք, որ 2020 թվականի վերջին Պետրոսյանի բանկային հաշվին եղել է 3 մլն 861 հազար դրամ գումար: Իսկ կանխիկ դրամը կազմել է 5 մլն 750 հազար դրամ: 2020 թվականին նա աշխատավարձ ստացել է երկու վայրից՝ Կոտայքի մարզպետարանից եւ Շրջակա միջավայրի նախարարությունից, այսինքն՝ տարվա մի մասը նա Կոտայքի մարզպետ է եղել եւ ստացել 8 մլն 308 հազար դրամ, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունից՝ 5 մլն 687 հազար դրամ: ՊԵԿ-ից ստացած եկամուտը կազմել է 3 մլն դրամ:
Ռոմանոս Պետրոսյանի կինը՝ Արմինե Պետրոսյանը, 2020 թվականին երկու վայրից է աշխատավարձ ստացել՝ «Սմարթ» նորարար կրթության եւ մշակույթի զարգացման հիմնադրամից՝ 819 հազար դրամի չափով, եւ Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջից՝ 1 մլն 83 հազար դրամ: Պաշտոնյայի տիկինը 2020 թվականին ունեցել է 950 հազար դրամի չափով կանխիկ դրամ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԲԱՎԱՐԱՐՎԵԼ Է
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բողոքը՝ ընդդեմ Հայաստանի՝ պարտավորեցնելով նրան վճարել 12 հազար եվրո փոխհատուցում: Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված հանցավոր խմբավորման գործի շրջանակում: Շիրխանյանը ՄԻԵԴ էր դիմել բողոքով, որ իշխանությունները կալանքի ժամանակ իրեն չեն տրամադրել պատշաճ բուժօգնություն եւ խնամք, որ իր կալանքը բավարար հիմքեր չի ունեցել, որ նախքան Եվրոպական դատարան դիմելն իրեն թույլ չեն տվել հանդիպել իր ներկայացուցիչների հետ, եւ որ կառավարությունը չի կատարել Դատարանի միջանկյալ միջոցները:
ԱՆՁՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
ՀՀ քննչական կոմիտեի գործողությունների արդյունքում պարզվել են Արշալույս գյուղի 33-ամյա բնակչին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքները: 26-ամյա երիտասարդն անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով 2021թ. օգոստոսի 13-ին` ժամը 22:50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղ տանող ավտոճանապարհին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հանդիպել է հիշյալ 33-ամյա տղամարդուն եւ նրա ընկերներին: Խոսակցության ընթացքում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում 26-ամյա երիտասարդն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածել է Արշալույս գյուղի 33-ամյա բնակչի որովայնի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, եւ դիմել փախուստի: 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ
Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել փետրվարի 21-ին Երեւանում գործող «Վիգ Մոր» կլինիկայից ստացված ահազանգի փաստով։ Նշված կենտրոնից հայտնել են, որ «այրունազեղումներ, կապտուկներ, բաց վերքեր վոլվայի շրջանում, հետանցքի շուրջ արյունազեղումներ, կապտուկներ եւ հետանցքի ճաք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ, պարզել են, որ տեղափոխվածը Հայաստանի մարզերից մեկի բնակիչ՝ 4-ամյա Ռուզաննա Ն-ն է։ Ոստիկաններին կլինիկայի մանկաբույժը հայտնել է, որ չի բացառվում, որ երեխան նշված վնասվածքները ստացած կլինի արտաքին ներգործության եւ բռնության արդյունքում։ Փաստի առթիվ երեխայի բնակության վայրի տարածքային ոստիկանության բաժնում հետաքննություն է սկսվել։